Եվրոպա

Բելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկով

2 րոպեի ընթերցում

Բելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկով

Բելգիայի Սինտ Գիլիս բեյ Դենդերմոնդ բնակավայրում շենքի սովորական վերանորոգումն անսպասելիորեն վերածվել է մի ամբողջ կարողության հայտնաբերման. աշխատողները նկուղի պատի մեջ հայտնաբերել են չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են ոսկու բնակտորներ, մետաղադրամներ և ձուլակտորներ՝ շուրջ 9 միլիոն եվրո նախնական գնահատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է RTL հեռուստաալիքը՝ հղում անելով Արևելյան Ֆլանդրիայի դատախազությանը։

«Սեյֆում գտել են համարակալված ոսկու բնակտորներ, մետաղադրամներ և ձուլակտորներ։ Նախնական գնահատումներով՝ դրանց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ ինը միլիոն եվրո», - հաղորդել է հեռուստաալիքը։

Գանձը հայտնաբերել են De Brand շինարարական ընկերության աշխատակիցները, որոնք վերանորոգում էին Արևելյան Ֆլանդրիայի ընդհանուր սոցիալական օգնության կենտրոնի (CAW) շենքը:

Նկուղում պատը քանդելիս շինարարները պատահաբար գտել են չհրկիզվող պահարանը և այդ մասին անմիջապես հայտնել պատվիրատուին։

Ոստիկանությունը ոսկին տեղափոխել է անվտանգ վայր։ Այժմ Արևելյան Ֆլանդրիայի դատախազությունը պետք է պարզի գանձի ծագումը և գտնի դրա օրինական տիրոջը։ Առայժմ պատի մեջ թաքցված միլիոնների համար ոչ ոք չի դիմել ոստիկանությանը։

Եթե սեփականատիրոջը գտնել չհաջողվի, և ոսկին, ի վերջո, հասնի սոցիալական կենտրոնին, այնտեղ արդեն մտածել են, թե ինչպես տնօրինել անսպասելի կարողությունը. կազմակերպությունը կցանկանար այդ փողերն օգտագործել անօթևանների համար լրացուցիչ կացարաններ ստեղծելու համար։

Այդուհանդերձ, մնում է ևս մեկ ֆինանսական հարց. արդյո՞ք իրենց բաժինը կստանան աշխատողները, որոնք գտել են կարողությունը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում