2 րոպեի ընթերցում
Ռումինիան փակել է իր միակ Չեռնավոդայի ատոմակայանը՝ Դանուբ գետում ջրի չափազանց ցածր մակարդակի պատճառով, ինչը պայմանավորված է Եվրոպայի մեծ մասում շոգ եղանակային պայմաններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ատոմակայանը, որի երկու ռեակտորներն արտադրում են Ռումինիայի էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը, չի ակնկալվում վերագործարկել մոտ օրերին։
«Մենք չենք կանխատեսում վերագործարկում առաջիկա 10 օրվա ընթացքում», - ասել է ատոմակայանի տնօրեն Ռոմեո Ուրյանը։
Օրերս իշխանությունները փորձել են մեծացնել դեպի ատոմակայան Դանուբ գետի ջրի հոսքը, որն անհրաժեշտ է սառեցման համար։
Չեռնավոդայի երկու 706 մեգավատտ հզորությամբ ռեակտորներից երկրորդն անջատվել է Ռումինիայի էլեկտրացանցից օգոստոսի 13-ին, իսկ առաջին ռեակտորն արդեն փակվել էր հուլիսին։
Մինչ օրս Չեռնավոդան փակվել էր միայն մեկ անգամ՝ 2003 թվականին։
Ռումինիան նաև ունի հիդրոէլեկտրակայանների հսկայական հզորություն, չնայած այն նույնպես զգալիորեն կրճատվել է գետերի ցածր մակարդակի պատճառով։
Հարևան Հունգարիան մինչ այժմ խուսափել է Պակշում գտնվող իր միակ ատոմակայանը փակելուց, որը նույնպես օգտագործում է Դանուբի ջուրը։ Եվրոպայի երկրորդ ամենաերկար գետի ջրի մակարդակը մի քանի երկրում իջել է վերջին 30 տարվա ամենացածր մակարդակին։
Եվրոպական «Կոպեռնիկոս» կլիմայական ծառայության տեղեկացմամբ՝ Եվրոպան տաքանում է համաշխարհային միջին ցուցանիշից երկու անգամ ավելի արագ։
Սա առաջացնում է ամառային ջերմային ալիքների աճ, Եվրոպայի ջրային համակարգերի վրա ավելի մեծ ճնշում և ավելի ինտենսիվ անտառային հրդեհներ։