Գյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովսեփ Հակոբյանին պատկանող «Լենինականի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝ արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Առաստաղները չեն համապատասխանել սահմանված պահանջներին՝ չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև նպաստել են խոնավության խտացմանը։

Արտադրամասը չի ունեցել սանհանգույց և անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։
Հայտնաբերված խախտումների հիմքով արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տնտեսվարողին տրվել են խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ և սահմանվել է ժամկետ։
