2 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից Արմեն Գրիգորյանին ազատելու որոշման պատճառների մասին հարցին։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ո՞րն էր Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու պատճառը, Փաշինյանն ընդգծել է, որ Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության որոշումն ինքն է կայացրել, որովհետև ցանկացած քաղաքական պրոցես իր հետ բերում է նաև որոշակի ազդեցություններ, հետևանքներ, վերադասավորումներ, ուստի Արմեն Գրիգորյանի պաշտոնանկությունը պետք է դիտարկել այդ համատեքստում։
«Այնպես չէ, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ, բայց այնպես էլ չէ, որ ինքս իմ աշխատանքից այնքան գոհ եմ, որ համարում եմ կատարյալ։ Կարծում եմ, որ նման որոշումները նորմալ են քաղաքականության մեջ։ Դա հայեցողական պաշտոն է, և այդ հայցողությունը վարչապետինն է։ Ես արդեն շնորհակալություն եմ հայտնել Արմեն Գրիգորյանին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում աշխատելու համար և Ալեն Սիմոնյանին էլ հաջողություն եմ մաղթում Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Հույս ունեմ, որ Արմեն Գրիգորյանի ներուժը, փորձը կլինի օգտակար։ Նա ներգրավված է եղել շատ կարևոր գործընթացներում։ Մենք դեռ առիթներ կունենանք նրա փորձառությունը օգտագործելու Հայաստանի Հանրապետության պետականության կայացման և զարգացման գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարզաբանել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև նշել է, որ Արմեն Գրիգորյանին աշխատանք է առաջարկել վարչապետի աշխատակազմում, սակայն վերջինս հրաժարվել է և հայտնել է, որ ցանկանում է որոշակի դադար վերցնել պետական կառավարման համակարգում աշխատանքի առումով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակվել էր ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։