Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չի գնա սուր լուծումների և նախընտրում է հարցերը լուծել բարեկամական մթնոլորտում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Լուծումն այն է, որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալելնք միմյանց շահերը՝ գնալով որոշակի կոմպրոմիսների, որոնցից մեկը կարող է լինել Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը։ Դա կարող է լինել ամբողջական կամ մասամբ, այսինքն՝ կարող են լինել բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ, որտեղ տոկոսային բաշխվախծությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությանը չխոչընդոտի»,-ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի մայիսին հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտները խնդիր չդառնան երկրի երկաթուղային համակարգի զարգացման համար։ Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը իրականացնում է Ռուսաստանը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջոցով։ Թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ էլ խոսել էր՝ նշելով, որ ռուսական կոնցեսիոն կառավարումը Հայաստանին զրկում է որոշ մրցակցային առավելություններից՝ առաջարկելով հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար բարեկամ որևէ երրորդ երկրի փոխանցել։ Ռուսական կողմից տարբեր պաշտոնյաներ արդեն իսկ հայտարարել են, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի փոխանցելը նպատակահարմար չեն համարում։