Տնտեսություն

Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, հատկապես՝ բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ջերմոցային տնտեսությունների, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։

«Հայաստանը շահագրգռված է իրանական շուկայում մրցունակ պտուղ-բանջարեղենի, վերամշակված արտադրանքի, չրերի և այլ պարենային արտադրանքի ներկայության ընդլայնմամբ, ինչպես նաև իրանական որակյալ արտադրանքի՝ հայկական շուկա մատակարարումների զարգացմամբ»,-նշել է Գևորգ Պապոյանը։

Կլիմայական ժամանակակից մարտահրավերների համատեքստում նախարարը կարևորել է նաև ոռոգման արդյունավետ և ջրախնայող համակարգերի, գյուղատնտեսության թվայնացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ փորձի փոխանակումը։

Նախարար Պապոյանը նաև առաջարկել է դիտարկել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով։

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում