Պաղեստինին աջակցելը ողջ մարդկության ընդհանուր պատասխանատվությունն է. Էրդողան
3 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է բոլոր հարթակներում վճռականորեն պաշտպանել Պաղեստինի հարցը և աջակցել 1967 թվականի սահմանների հիման վրա՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ և ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է Անկարայում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Պաղեստինին աջակցելը ողջ մարդկության, առաջին հերթին՝ իսլամական աշխարհի ընդհանուր պատասխանատվությունն է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան պաղեստինյան կողմի հետ խորհրդակցությունների միջոցով շարունակում է առաջ մղել երկու պետությունների սկզբունքի վրա հիմնված կարգավորումը։
Նա անդրադարձել է նաև Հորդանան գետի Արևմտյան ափին և Երուսաղեմում տիրող իրավիճակին՝ Իսրայելի կառավարությանը մեղադրելով օկուպացիայի, բռնի տեղահանման և տարածքների զավթման քաղաքականություն վարելու մեջ։
Թուրքիայի նախագահը ներկայացրել է ՄԱԿ-ի տվյալները, որի համաձայն՝ միայն 2026 թվականին վերաբնակիչների գործողությունների, տների քանդման և տեղահանությունների հետևանքով շուրջ 3800 պաղեստինցի ստիպված է եղել լքել իր բնակավայրը, իսկ մոտ 100 պաղեստինցի զոհվել է։
Էրդողանը հայտնել է, որ Աբասի հետ քննարկել են ստեղծված իրավիճակում հնարավոր քայլերը, երկկողմ հարաբերությունները և պաղեստինյան տարածքներում վերջին զարգացումները։
Թուրքիայի նախագահը ողջունել է Պաղեստինում խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ներպաղեստինյան հաշտեցման գործընթացին և պաղեստինյան ժողովրդի միասնականության ամրապնդմանը։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան դեմ է Ալ-Աքսա մզկիթի և պաղեստինյան տարածքներում գտնվող այլ սրբավայրերի ներկայիս կարգավիճակը փոխելուն ուղղված քայլերին։
«Ինչ էլ անեն, նրանց չի հաջողվի պաղեստինյան հարցը դուրս մղել մարդկության օրակարգից։ Մենք՝ որպես Թուրքիա, շարունակելու ենք ամենավճռական կերպով պաշտպանել Պաղեստինի հարցը բոլոր հարթակներում»,- ասել է Էրդողանը։
Անդրադառնալով Գազայի հատվածում իրավիճակին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ պայմաններ ստեղծել տարածքի վերականգնման և անվտանգության ապահովման գործընթացն սկսելու համար։
Նրա խոսքով՝ չնայած պաղեստինյան կողմի «կառուցողական դիրքորոշմանը», Իսրայելի ներկայիս ղեկավարությունը շարունակում է վարել անզիջում և ագրեսիվ քաղաքականություն։