«Նավուր Լիմոնադ»-ի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում գործող՝ անհատ ձեռնարկատեր Սամվել Մայիլյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում, որը գործում է «Նավուր Լիմոնադ» ապրանքանիշով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողության ընթացքում արտադրամասում հայտնաբերվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտում։ Մասնավորապես, արտադրական տարածքի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։

Հայտնաբերված խախտման հիմքով արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։
