Պետաիրավական հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության քննարկումների կազմակերպումը. Ջուլհակյան
4 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը հանձնաժողովի առաջիկա առանցքային անելիքներից մեկը համարում է նոր Սահմանադրության վերաբերյալ քննարկումների կազմակերպումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջուլհակյանն այս մասին ասել է Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում են պետության և քաղաքական համակարգի կազմակերպմանը, սահմանադրաիրավական և ընտրական համակարգերին, քաղաքական կուսակցությունների գործունեությանը, դատական իշխանությանը, իրավապահ համակարգին, ինչպես նաև քրեական, վարչական և քաղաքացիական օրենսդրությանը վերաբերող հարցերը։
«Ինձ համար այս հանձնաժողովը պարզապես օրենքների նախագծեր քննարկող մարմին չէ։ Հանձնաժողովն այն հարթակն է, որտեղ ձևավորվում է պետության իրավական ճարտարապետությունը, ամրապնդվում են ժողովրդավարական ինստիտուտները և ստեղծվում են այն իրավական երաշխիքները, որոնց վրա կառուցվում է քաղաքացիների վստահությունը պետության նկատմամբ»,- ասել է Ջուլհակյանը։
Նա հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններից առանձնացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները՝ նշելով, որ, չնայած կատարված աշխատանքին, շարունակում են առկա մնալ դատական վարույթների տևողության, դատարանների ծանրաբեռնվածության և դատական ակտերի կանխատեսելիության հետ կապված խնդիրներ։
Մյուս կարևոր ուղղությունը, ըստ Ջուլհակյանի, կոռուպցիայի դեմ պայքարն է։ Նրա խոսքով՝ քաղաքական կամքն արդյունավետ հակակոռուպցիոն պայքարի անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է։
Նա նշել է, որ հանձնաժողովի առաջնահերթություններից պետք է լինեն հակակոռուպցիոն մարմինների գործունեության մշտադիտարկումը, օրենքների կիրառման արդյունավետության գնահատումը և անհրաժեշտության դեպքում արագ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը։
Ջուլհակյանն անդրադարձել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին՝ այն համարելով վերջին տարիներին ընդունված կարևորագույն օրենքներից մեկը։
«Այն արդեն գործում է և տալիս է իր արդյունքները, թեպետ դանդաղ»,- ասել է նա՝ նշելով, որ օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրներն ու Սահմանադրական դատարանի դիրքորոշումները հասցեագրվել են, և համապատասխան փոփոխություններն առաջիկայում կներկայացվեն Ազգային ժողովին։
Անդրադառնալով նոր Սահմանադրությանը՝ Ջուլհակյանն ընդգծել է, որ ժողովրդավարական լեգիտիմությունը պետք է ստանա ամբողջական սահմանադրական արտահայտություն։
«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որի հեղինակն իրականում ժողովուրդն է, Սահմանադրություն, որի նկատմամբ հանրային վստահությունն այլևս կասկածի տակ չի դրվի, Սահմանադրություն, որը կդառնա ոչ թե քաղաքական ուժերից որևէ մեկի, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր համաձայնության փաստաթուղթը»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունը պետք է ամրապնդի մարդու արժանապատվությունը՝ որպես սահմանադրական կարգի առանցքային արժեք, ավելի հստակ սահմանի պետական իշխանության սահմանները, ապահովի հակակշիռների և զսպումների արդյունավետ համակարգ, ինչպես նաև պետական կառավարման կայունությունն ու ժողովրդավարական վերահսկողությունը։
Ջուլհակյանը հանձնաժողովի մյուս առաջնահերթությունների թվում նշել է դատական իշխանության անկախության ամրապնդումը, արդարադատության մատչելիության բարձրացումը, օրենսդրության որակի բարելավումը և արդեն ընդունված օրենքների նկատմամբ հետօրենսդրական վերահսկողության իրականացումը։
Նա վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել խորհրդարանական բոլոր խմբակցությունների և պատգամավորների հետ՝ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից։
«Իրավական պետության կայացումը վեր է կուսակցական շահերից»,- եզրափակել է Ջուլհակյանը։