Կասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
2 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արփինե Իսախանյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում, որը գործում է «Բուրջուա» ապրանքանիշով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ նշելով, որ վերահսկողության ընթացքում արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց հիմքով արտադրական գործունեությունը կասեցվել է։
Մասնավորապես, արտադրամասում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, ինչպես նաև մաքուր և աղտոտված գույքի խաչաձևվող հոսքերը։

Չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկումն ու ընթացիկ վերանորոգումը, ինչպես նաև արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքները։
Խախտումներ են արձանագրվել նաև արտադրական տարածքի հատակների, պատերի և դռների մակերևույթների մասով։ Դրանք պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։

Առաստաղները չեն ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը կանխարգելելու համար, ինչպես նաև նպաստել են խոնավության խտացմանը։
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենիկ պահանջներին համապատասխան նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։
Բացի այդ, արտադրամասը անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով ապահովված չի եղել։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տնտեսավարողին տվել է հայտնաբերված խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ և սահմանել համապատասխան ժամկետ։