Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը
9 րոպեի ընթերցում
Երևանում հանդիսավորությամբ անցկացվեց Շինարարի օրվան և Հայաստանի շինարարների միության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էին Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին շինկազմակերպությունների և կառավարության միջև համագործակցությունը ենթարկվել է շատ շրջադարձային փոփոխությունների։
«3-4 տարի առաջ, երբ խոսում էինք շինկազմակերպությունների հետ, հիմնական հարցերը քննարկվում էին այն համատեքստում, թե որ կազմակերպությունն ինչ պատճառով չի կարողացել իրականացնել ժամանակին կառուցապատումն ավարտելու իր խոստումը, իսկ այսօր կառավարության 2021-26 թվականների ծրագիրն ամփոփելիս արձանագրեցինք, որ կազմակերպությունների հետ այս տարվա մեր բոլոր պայմանավորվածություններն ամենախոշոր ծրագրերից մեկով («300 դպրոց, 500 մանկապարտեզ») հաջողությամբ իրականացվել է պլանին համապատասխան։ Սա շինկազմակերպությունների կողմից գործի հանդեպ պատասխանատու մոտեցման և մեծ աշխատանք կատարելու արդյունք է, ինչն անհնար կլիներ առանց մոբիլիզացվելու, առանց սեփական կարողություններն ավելացնելու, ուստի մենք գնահատում ենք այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Խաչատրյանը։
Նա հավելեց, որ արդեն մեկնարկել է նոր 300 դպրոցների ծրագիրը։ Ընթացքի մեջ են առնվազն 76 դպրոցների կառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2027-28 թվականներին։
«Մենք պետք է այս տարվա ընթացքում ամբողջականացնենք այն ցանկը, որն առնչվում է հաջորդ 300 դպրոցներին, որպեսզի առնվազն 2030 թվականին ավարտած լինենք աշխատանքները։ Դրանք հիմնականում մեծածավալ շինարարական նախագծեր են, որոնց իրականացումը պահանջում է երեք տարի ժամանակ։ Վստահ ենք, որ այդ ուղղությամբ խնդիրներ չենք ունենա, քանի որ ամեն ինչ ընթանում է սահմանված ձևով և նախատեսված պլանին համապատասխան։ Բյուջեն այն հիմնական կողմնորոշիչն է, որով մենք սկսում և ավարտում ենք քննարկումները։ Բացի վերը նշվածից, ունենք նաև նոր 100 մանկապարտեզների և նախադպրոցական հաստատությունների, 100 սպորտի և մշակութային հաստատությունների, մարզահրապարակների, 30 միջին մասնագիտական կրթական հաստատությունների, 50 առողջապահական կազմակերպությունների վերաբերյալ ծրագրեր։ Գալիք երեք տարիներից յուրաքանչյուրում միայն դպրոցների և մանկապարտեզների ուղղությամբ ներդրումները կազմելու են տարեկան մոտ 150 միլիարդ դրամ»,- տեղեկացրեց Խաչատրյանը։
Նրա դիտարկմամբ՝ դա աննախադեպ ցուցանիշ է, որովհետև ընդամենը չորս տարի առաջ այդ ուղղությամբ տարեկան 20 միլիարդ դրամից ավել չէր ծախսվում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում նշեց, որ շինարարության և դրա որակի անմիջական ազդեցությունը քաղաքացիների կյանքի որակի վրա ակնհայտ է։
«Կառուցվող նոր հաստատությունները ձևավորում են այն միջավայրը, որտեղ շինարարությունը դառնում է մեր երեխաների կյանքի որակի վրա ազդող գործոն, հետևաբար համատեղ ջանքերով արվող աշխատանքը ուղղակի ենթակառուցվածք ձևավորելու մասին չէ, այլ կյանքի հեռանկար ձևավորելու մասին է, որի արդյունքները տեսնելու ենք վաղը։ Շինարարների բարեխիղճ աշխատանքը ցույց է տալիս, որ իրականում ենթակառուցվածքների ձևավորումը ռազմավարական է ու առանցքային։ Այս մեծածավալ շինաշխատանքներում մենք ձևավորում ենք նոր փորձառություն»,- ասաց Անդրեասյանը։
Նա հավելեց, որ այսօր խոսվում է ՖԻՖԱ-ի 20 տարեկանների աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու մասին, ինչը պահանջում է նոր մարզադաշտերի կառուցում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային համարժեք։ Ըստ նրա՝ դա մի բան է, որը նորանկախ շրջանում մեր երկիրը չի իրականացրել։
«Սա մարտահրավեր է մեր շինարարական ոլորտի համար, բայց նաև շատ լավ հնարավորություն է դուրս գալ մի նոր ասպարեզ, որը նաև շինարարության ոլորտի համար նոր ճանապարհ է բացելու։ Այդպիսին է նաև ակադեմիական քաղաքի ծրագիրը, որը կառավարության ծրագրի նոր շրջափուլում ձեռք է բերելու վճռորոշ իրականացման անցնելու հետևողականություն»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն իր խոսքում նշեց, որ նորանկախ Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանում հիմնադրված Շինարարների միությունն այսօր ոլորտի խնդիրների բարձրաձայնման, մասնագիտական քննարկումների և համատեղ գործելու հարթակ է:
«Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը։ 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ այն աճել է 24.5%-ով և կազմել 282.2 մլրդ դրամ։ Ավելացել են նաև շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. 2026թ. 1-ին կիսամյակում կազմել են 126.4 մլրդ դրամ` 2025թ.-ի նույն ամիսների համեմատ աճելով 22%-ով։ Շնորհակալություն պարտաճանաչ և գիտակցված մոտեցման համար։ Յուրաքանչյուր շինարարի հաջողությունը մեր ոլորտային հաջողությունն է»,- ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Քաղաքաշինության կոմիտեն էականորեն արագացրել և դյուրացրել է նախագծումից մինչև ավարտական փուլ թույլատվական փաստաթղթերի ստացման գործընթացները։ Բազմամասնաշենք համալիրների դեպքում ստեղծվել է ավարտական փաստաթղթերի փուլային ստացման հնարավորություն։
«Առաջիկայում հասնելու ենք ավարտական ակտի ինքնաշխատ ստացման։ Մեկնարկել է ոլորտի դերակատարների վարկանիշավորումը, հաստատվել է շինարարության գնագոյացման նոր քաղաքականությունը։ Կարևորելով կայուն և կանաչ շինարարության իրականացումը՝ Քաղաքաշինության կոմիտեն հաստատել է միջազգային հավաստագրման այն համակարգերի ցանկը, որոնց կամավոր կիրառումն առաջիկայում խրախուսվելու է հստակ մեխանիզմներով։ Գալիք առաջնահերթություններից է լինելու տեխնիկական հսկողության նշաձողի բարձրացումը` թվային համակարգերի կիրառմամբ: Առաջնահերթ ուղղություններից են լինելու նաև բնակֆոնդի ռենովացիան, ինչպես նաև կառուցապատման գործունեությունը կարգավորող օրենքի ընդունումը, որը մշակվել է պետական մի քանի կառույցների և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ»,- ասաց Վարդանյանը։
Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանն էլ իր ելույթում նշեց, որ նախորդ 30 տարիների ընթացքում մեր երկիրը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ՝ երկրաշարժ, անկախության առաջին տարիների դժվարություններ, տնտեսական ճգնաժամեր, պատերազմներ, սակայն յուրաքանչյուր անգամ հենց շինարարն է եղել առաջիններից մեկը, ով ոչ միայն վերականգնել է ավերվածը, այլև ստեղծել է նոր արժեքներ։
«Այսօր էլ շինարարությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ վերջին տարիներին ոլորտում արձանագրվում են կայուն բարձր աճի ցուցանիշներ, ընդլայնվում են ներդրումները, ակտիվանում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր շինարարական ծրագրերը։ Սա վստահության կարևոր ցուցիչ է մեր տնտեսության, մեր մասնագետների և Հայաստանի զարգացման հեռանկարների նկատմամբ։ Սակայն աճող ծավալները մեզ համար ոչ միայն ձեռքբերում են, այլև մեծ պատասխանատվություն»,- նշեց Հարությունյանը։
Նրա հավաստմամբ՝ այսօր ոլորտի առաջնահերթություններն են շինարարության որակի շարունակական բարձրացումը, աշխատանքի անվտանգության ապահովումը, ժամանակակից տեխնոլոգիաների և թվային լուծումների ներդրումը, էներգաարդյունավետ և կայուն շինարարության զարգացումը, մրցունակ շինարարական միջավայրի ձևավորումը։
Միջոցառման ընթացքում շինարարության ոլորտի կազմակերպությունների առաջադեմ ներկայացուցիչներն ու վաստակաշատ շինարարները պարգևատրվեցին մեդալներով ու շնորհակալագրերով։