Հիմնանորոգվում են Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ընթանում են Սեյսմանուկյան-3,7, Խ․ Ստեփանյան-13 և Վ․Համբարձումյան-11 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի բազմաբնակարան չորս շենքի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 107 միլիոն 900 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է համայնքապետարանի բյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է հին տանիքների ազբոշիֆերյա ծածկի փոխարինում ցինկե թիթեղապատ ծածկով։ Նորով է փոխարինվում նաև փայտյա կավարածածկը։ Հիմնանորոգվող տանիքների ընդհանուր մակերեսը կազմում է 3460 քմ։ Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել սեպտեմբերի առաջին տասնօրյակում։

«Վարդենիս քաղաքն ունի 43 բազմաբնակարան բնակելի շենք, որոնցից 30-ի տանիքները նախորդ մի քանի տարիների ընթացքում հիմնանորոգվել են: Համայնքի առաջնահերթ նպատակն է ավարտին հասցնել քաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը՝ ապահովելով բնակիչների համար անվտանգ և բարեկարգ բնակելի պայմաններ»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։