Ամասիա համայնքում հիմնանորոգվում է Գտաշեն-Կամխուտ բնակավայրերը միացնող կամուրջը
1 րոպեի ընթերցում

Կառավարության որոշմամբ դեռևս մայիսին ֆինանսական միջոցներ էին հատկացվել Շիրակի մարզում իրականացվող ճանապարհաշինական ութ ծրագրի ֆինանսավորման համար։ Այդ ծրագրերի թվում է նաև Ամասիա համայնքի Գտաշեն-Կամխուտ բնակավայրերը միացնող կամրջի հիմնանորոգումը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ամասիայի համայնքապետարանից, Գտաշեն բնակավայրի երկու հատվածները կապող և դեպի Կամխուտ տանող ստրատեգիական նշանակություն ունեցող կամուրջը գտնվում էր վթարային վիճակում։ Կամրջի մի շարք հատվածներում առկա էին փլուզումներ, ինչը երթևեկության ընթացքում դժվարություններ և վտանգներ էր ստեղծում վարորդների համար։
Ներկայում շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Արդեն ապամոնտաժվել են կամրջի բետոնե հենասյուներն ու ծածկը, իրականացվում են ամրացման աշխատանքներ։
Գտաշեն-Կամխուտ- /Տ-7-37/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 2+300 հատվածում գտնվող 3x5 մ բացվածքով հավաքովի միասնականացված երկաթբետոնե խողովակի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 58 միլիոն 623 հազար դրամ։