Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել
1 րոպեի ընթերցում

Իտալիայի իշխանությունները 27 խոշոր քաղաքներում վտանգավորության առավելագույն մակարդակ են հայտարարել անոմալ տապի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ առաջին անգամ բոլոր 27 խոշոր քաղաքները, որոնց Իտալիայի առողջապահության նախարարությունը հետևում է տապի մասին նախազգուշացումների համակարգի շրջանակներում, օգոստոսի 6-ին տագնապի առավելագույն՝ «կարմիր մակարդակի» վրա են գտնվել այս տարի երկրում տապի չորրորդ ալիքի ֆոնին։
Նշվում է, որ ըստ կանխատեսումների՝ «ուժասպառ անող տապը», որի դեպքում ջերմաստիճանն առանձին շրջաններում հասնում է 40 աստիճան Ցելսիուսի, կպահպանվի առնվազն ևս 10 օր։
Մասնավորապես, տագնապ է հայտարարվել Հռոմում, Բոլոնիայում, Նեապոլում, Միլանում, Վենետիկում, Վերոնայում, Ֆլորենցիայում, Պերուջայում, Պալերմոյում, Բարիում, այսինքն՝ երկրի բոլոր խոշոր զբոսաշրջային կենտրոններում։
ANSA-ն պարզաբանում է, որ «կարմիր» նախազգուշացումը՝ 3-րդ մակարդակը, նշանակում է տապի պատճառով արտակարգ իրավիճակ՝ երկարատև սաստիկ շոգ ու բարձր ընդհանուր ռիսկ առողջության համար, նույնիսկ երիտասարդ և առողջ մարդկանց համար։