Տուրիզմ, լոգիստիկա, ՏՏ ոլորտ. Գյուվեն Սաքը մատնանշում է Հայաստանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության հնարավոր ուղղությունները

7 րոպեի ընթերցում

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգընթաց ակտիվացել են նաև քննարկումները, թե տնտեսական ինչ ուղղություններով կարող են երկու երկրները համագործակցություն սկսել, երբ, ի վերջո, բանակցությունների արդյունքում բացվեն սահմաններն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։

Քաղաքական բանակցություններին զուգահեռ արդեն իսկ որոշակի տեղաշարժեր կան նաև տնտեսական համագործակցության ուղղությամբ։ Մասնավորապես, 2026 թվականի հունիսի 2-ին Թուրքիայի Կարս քաղաքում հանդիպել էին Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները, քննարկել համագործակցության հնարավորությունները։ Արդեն իսկ նախանշվել են նոր հանդիպման վայրն ու ժամկետները. հայ և թուրք գործարարների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը կանցկացվի Երևանում՝ 2026 թվականի սեպտեմբերի սկզբին։

Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական գործակցության հնարավորությունների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Թուրքիայի տնտեսական քաղաքական հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) գլխավոր գործադիր տնօրեն, տնտեսագետ Գյուվեն Սաքի հետ։  

Գյուվեն Սաքն ընդգծում է, որ մինչ այս էլ թուրքական ապրանքները հայկական շուկային հասանելիություն ունեցել են՝ Վրաստանի տարածքով, նույն երթուղով նաև հայկական ապրանքները կարող էին թուրքական շուկա հասնել, սակայն երկու երկրների միջև սահմանների հնարավոր բացումը տնտեսական համագործակցության նոր փուլ է բերելու, որը բարձրացնելու է ինչպես Հայաստանի տնտեսության մրցունակությունն ու դիվերսիֆիկացիան, այնպես էլ շատ օգտակար է լինելու թուրքական տնտեսության համար:

«Մենք հիմա փնտրում ենք այն ոլորտները, որտեղ կարող է համագործակցություն հաստատվել: Մենք այժմ դիտարկում ենք երկու կամ երեք հիմնական խնդիր: Առաջինը երկու երկրների տուրօպերատորների միջև զբոսաշրջային համագործակցությունն է:

Երկրորդը, կարծում եմ, լոգիստիկ համագործակցությունն է, որովհետև TRIPP երթուղին ընդամենը այդ 40 կիլոմետրի մասին չէ: Այն մի կողմից գնալու է դեպի արևելք՝ Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա, իսկ մյուս կողմից՝ դեպի Եվրոպա: Ահա թե ինչու լոգիստիկ ենթակառուցվածքներում համագործակցության կարիք կա: Մենք դիտարկում ենք նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը։ Հայաստանն այնտեղ որոշակի պոտենցիալ ունի: Մենք փնտրում ենք համագործակցություն թուրքական և հայկական ընկերությունների միջև: Կարող ենք խոսել նաև սննդի արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին, որովհետև սահմանային անցակետի մյուս կողմում հենց գյուղատնտեսական տարածքներ են: Հայաստանում գյուղատնտեսական մեծ տարածքներ կան: Այնպես որ, գուցե, հնարավոր լինի այդ ուղղությամբ ևս համագործակցության եզրեր գտնել,  բայց կտեսնենք: Շտապելու կարիք չկա»,- ասել է Սաքը:

Զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը խթանելու տեսանկյունից թուրք տնտեսագետը կարևորում է Անիի պատմական կամրջի վերանորոգումը, որի վերաբերյալ Հայաստանն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել 2026 թվականի մայիսին։

Սաքը կարծիք է հայտնել, որ կամուրջը կարող է ոչ միայն կապակցվածության, այլև զբոսաշրջային փոխայցելությունների խորհրդանիշ դառնալ՝ հնարավորություն տալով այցելուներին անցնել սահմանի մի կողմից մյուսը։

Թուրք տնտեսագետն անդրադարձել է Հայաստանում առկա քննարկումներին այն մասին, որ Թուրքիայի հետ սահմանը բացումից տուժելու են Հայաստանի տնտեսությունն ու հայ արտադրողները։

«Ես առաջին անգամ Հայաստանում եղել եմ մոտավորապես 2008 թվականին: Այդ ժամանակ հայկական թերթերում առկա էր այդ փաստարկը: Մեզ մոտ էլ նման քննարկումներ կային, երբ Թուրքիան մաքսային միության համաձայնագիր էր կնքում Եվրոմիության հետ: Մարդիկ մինչև 1996 թվականն ասում էին, որ թուրքական արդյունաբերությունը մահանալու է սրա հետևանքով: Եվրոպական բոլոր ապրանքները վաճառվելու են այստեղ, մեր ընկերությունները փակվելու են և այլն, բայց դա տեղի չունեցավ: Մաքսային միության համաձայնագիրը շատ օգտակար եղավ թուրքական տնտեսության մրցունակության համար: Կարծում եմ՝ նույն բանն է տեղի ունենալու նաև Հայաստանի հետ, որովհետև կան ոլորտներ, որտեղ հայկական ընկերություններն ու աշխատուժն ավելի մեծ պոտենցիալ ունեն:  Կան ոլորտներ, որտեղ թուրքական ընկերությունները նույնպես կարող են լավը լինել: Բայց կարևոր խնդիրն այդ մրցունակ գործընկերությունները միավորելն է: Ահա թե ինչ ենք մենք փնտրում:Դա օգտակար է լինելու երկու երկրների համար էլ»,- նշել է TEPAV-ի տնօրենը:

Գյուվեն Սաքն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում կապակցվածության թեմային և այդ համատեքստում այն հարցին, թե արդյոք կապակցվածության համար կարող է խոչընդոտ լինել այն հանգամանքը, որ Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը իրականացնում է Ռուսաստանը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջոցով։

TEPAV-ի գլխավոր գործադիր տնօրենի կարծիքով՝ կապակցվածության համար հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանի կողմից խոչընդոտ չէ, կարևոր հարցն այն է, որ Հայաստանի ներսում երկաթգծերի ամրապնդման կարիք կա, որովհետև այն ամբողջական չէ, կան որոշ հատվածներ, որոնք այս պահին չեն գործում:

«Այնպես որ, կարևորն այն է, որ բանակցություններ լինեն «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի  հետ, թե արդյոք նրանք ցանկանում են նոր ներդրումներ անել: Եթե նրանք չեն պատրաստվում անել այդ ներդրումները, ապա պետք է մեխանիզմ գտնել հայկական երկաթուղային ենթակառուցվածքն ավարտին հասցնելու համար: Կարևոր խնդիրը կապուղիների առկայությունն է: Եվ դա ներառում է ոչ միայն կապը Թուրքիայի հետ, ոչ միայն կապը Հայաստանի ներսում, կարևոր են նաև կապն Ադրբեջանի հետ, և ի, վերջո, կապը նաև Մոսկվայի հետ, Իրանի հետ»,- նշել է Գյուվեն Սաքը։

Հայերեն English Русский

Ամփոփվել են 2026թ. բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի

Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ֆրանսիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել անտառային հրդեհների առաջացմանը մասնակցելու կասկածանքով

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ

Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ

Իրանը և Օմանը շուտով համաձայնության կգան Հորմուզի նեղուցով տարանցման նոր երթուղու վերաբերյալ․ Press TV

Հայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք

Պենտագոնի ղեկավարը հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ն սպառել է կալանիչ հրթիռների պաշարները

Կիևի մարզում ռուսական հարվածներից 14 մարդ է զոհվել, ՌԴ-ն էլ հայտնել է մոտ 500 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին

Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ