Հունաստանում իրար են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռ
2 րոպեի ընթերցում

Հունաստանում խոշոր անտառային հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցող երկու հրշեջ ուղղաթիռ բախվել են միմյանց, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրդեհը, որը բռնկվել էր Աթենքից հյուսիս-արևմուտք, ոչնչացրել է ավելի քան 100 տուն։
Հունաստանի հրշեջ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռներից մեկում գտնվող երկու անձ՝ Հունաստանի և Դանիայի քաղաքացիներ, զոհվել են, իսկ մյուս ուղղաթիռի անձնակազմի երկու անդամները՝ Հունաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, ողջ են մնացել։ Reuters-ը հայտնում է, որ դեպքի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։
Այս ամռանը Եվրոպան բախվել է լայնածավալ անտառային հրդեհների՝ ռեկորդային շոգի և տեղումների սակավության ֆոնին։ Գիտնականների գնահատմամբ՝ նման պայմաններն ավելի են սրվել կլիմայի փոփոխության հետևանքով։
Ֆրանսիայում և Իսպանիայում մոլեգնող ավերիչ հրդեհները հանգստյան օրերին որոշ չափով թուլացել են, սակայն Հունաստանում հարաբերական անդորրից հետո կրկին մի քանի նոր հրդեհ է բռնկվել։
Հրշեջ ծառայության հաղորդմամբ՝ ուղղաթիռների բախումը տեղի է ունեցել Ատտիկայի մարզի Փսաթա շրջանում։
eKathimerini-ի հաղորդմամբ՝ նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ հրդեհը, որը սկսվել էր Բեոտիա շրջանում և տարածվել դեպի Ատտիկա, հավանաբար առաջացել է էլեկտրական հաղորդալարերից առաջացած կայծերի պատճառով։