Հայաստան

ՍԱՏՄ-ն հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին հորդորում է առավելագույն ուշադրություն դարձնել սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին

2 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին հորդորում է առավելագույն ուշադրություն դարձնել սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին հորդորում է առավելագույն ուշադրություն դարձնել սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Ամռանը՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում արձանագրված թունավորումների հաճախականությամբ պայմանավորված, հերթական անգամ հորդորում ենք հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին, հատկապես մեծ միջոցառումներ, հարսանեկան արարողություններ, խնջույքներ և այլ զանգվածային հավաքներ կազմակերպողներին, առավելագույն ուշադրություն դարձնել սննդամթերքի մատուցման, պահպանման կանոններին։

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն ուտեստներին, որոնք պարունակում են մայոնեզ, թթվասեր, սերուցք կամ այլ արագ փչացող բաղադրիչներ։ Նման բաղադրիչներ պարունակող աղցաններն ու սառը ուտեստները երկար ժամանակ սեղաններին թողնելը վտանգավոր է, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում դրանք կարող են շատ արագ դառնալ բակտերիաների զարգացման աղբյուր։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս սնունդը մատուցել միայն անհրաժեշտ պահին, իսկ մինչ այդ պահել սառնարանային պայմաններում և հնարավորինս արագ փոխարինել կամ հեռացնել, եթե երկար ժամանակ մնացել է բաց միջավայրում։

Այս պարզ, բայց կարևոր կանոնների պահպանումը կարող է կանխել սննդային թունավորումների բազմաթիվ դեպքեր և ապահովել մարդկանց առողջությունն ու անվտանգությունը։ Շոգ օրերին զգոնությունը պետք է լինի բոլորիս առաջնահերթությունը, իսկ սննդի անվտանգությունը պահպանելը՝  յուրաքանչյուրիս պատասխանատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում