Եվրոպա

Նեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-ի

2 րոպեի ընթերցում

Նեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-ի

Իտալիայի Նեապոլ քաղաքի մերձակայքում գտնվող Ֆլեգրեյան դաշտերի շրջանում գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 21-ի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Reuters» գործակալությունից, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 31-ին՝ տեղական ժամանակով ժամը 19։46-ին, շուրջ 3 կմ խորության վրա։ Այն դարձել է Ֆլեգրեյան դաշտերի տարածքում վերջին 40 տարվա ամենաուժեղ երկրաշարժը։

Երկրաշարժի հետևանքով վնասվել են շենքեր, փլուզվել են որոշ չբնակեցված կառույցներ և ժայռաբեկորներ են ընկել կայանված ավտոմեքենաների վրա։ Անբնակելի դարձած տներից տարհանվել է 22 ընտանիք։ Պոցուոլի քաղաքի ընդունման կենտրոնում բնակչության համար պատրաստվել է 185 մահճակալ։

Վնասվել է նաև Պոցուոլիի նավահանգստի կառամատույցը, ինչի հետևանքով նավահանգստի աշխատանքը դադարեցվել է։ Բարձրավոլտ էլեկտրահաղորդման հենասյան փլուզման պատճառով շուրջ 100 հազար բաժանորդ ժամանակավորապես հոսանքազրկվել է, սակայն մատակարարումը հիմնականում վերականգնվել է։ Երկաթուղային և մետրոյի որոշ երթուղիների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր՝ ենթակառուցվածքների ստուգման նպատակով։

Գլխավոր ցնցումից հետո սեյսմիկ ակտիվությունը շարունակվել է ամբողջ գիշեր։ Սարքերը գրանցել են շուրջ 60 ցնցում, որոնցից ամենաուժեղը եղել է 3.8 մագնիտուդով։ Օգոստոսի 1-ի ժամը 05։47-ին գրանցվել է նաև 3.1 մագնիտուդով ցնցում, որը զգացվել է Պոցուոլիում, Բակոլիում և Նեապոլի մի շարք թաղամասերում։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում