«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
1 րոպեի ընթերցում

«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
«Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա. Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Արթուր Դալլաքյանը «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, իսկ ընկերության բաժնեմասի 100 տոկոսը պատկանում էր Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին։
Ընկերությունը սպասարկում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի միասնական երթուղային ցանցերը։ Դալլաքյանը 2019-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր։
Հուլիսի 6-ին խուզարկություններ էին կատարվել Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնում ընդգրկված մի շարք ընկերություններում և դրանց ղեկավարների բնակարաններում։