Իրավունք

Նարեկ Կարապետյանի առանձնատանը քննչական գործողություններ են կատարվում. ՔԿ

2 րոպեի ընթերցում

Նարեկ Կարապետյանի առանձնատանը  քննչական գործողություններ են կատարվում. ՔԿ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը կատարվում են քննչական գործողություններ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,- նշեց Ավդալյանը։

Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական վարույթը կապված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր և «Մեր ձևով» հասարակական կազմակերպության ղեկավար Ալիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների հետ։

Հուլիսի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Միաժամանակ հանձնաժողովը վերադարձրել էր նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

Դատախազը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու, և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։

Հուլիսի 23-ին Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ ընտրվել էին բացակայելու արգելքը և մեկ միլիարդ դրամ գրավը։

Նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրված նաև Ալիկ Ալեքսանյանին։ Քննչական կոմիտեի ներկայացրած հաղորդագրության համաձայն՝ «Մեր ձևով» ՀԿ-ի տարբեր գրասենյակներում շուրջ 1400 քաղաքացի քաղաքացիաիրավական պայմանագրերով ձևականորեն ներգրավվել է աշխատանքի՝ կազմակերպվող հավաքներին մասնակիցներ ներգրավելու նպատակով։ Նրանցից ավելի քան 400-ը միաժամանակ աշխատել են նաև այլ կազմակերպություններում։

Ալեքսանյանը ձերբակալվել էր հունիսի 2-ին, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ կիրառվել էր երկամսյա կալանք։ Հուլիսի 31-ին դատարանը նրա կալանքի ժամկետը երկարաձգել է ևս երկու ամսով։ Պաշտպանական կողմը հայտնել է, որ որոշումը բողոքարկելու է։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում