Իրան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել

Իրանի Քեշմ կղզու Չահ Տանգու թաղամասի բնակելի տան վրա ԱՄՆ-ի հուլիսի 30-ի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Վկայակոչելով Հորմոզգանի բժշկական գիտությունների համալսարանը` գործակալությունը հայտնել է, որ զոհվել են ամուսիններ և նրանց երկու տարեկան երեխան։ Բացի այդ, վիրավորվել են նաև ընտանիքի մյուս յոթ և ինը տարեկան երկու երեխաները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։

Տեղեկություններ են հաղորդվում, որ Քեշմ քաղաքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:50-ին գրանցվել է երեք պայթյուն։

Գիշերային հարձակումների թիրախում են եղել նաև Ահվազ, Աբադան, Արվանդ Քենար, Քիշ, Ղազերուն, Բուշեհր և Շադեգան քաղաքները։

Բուշեհր նահանգի նահանգապետ Մոհամմադ Մոզաֆարին հայտնել է, որ երկու հրթիռ հարվածել է Չողադակ քաղաքի մոտակայքում գտնվող երկու վայրերի։

Միևնույն ժամանակ, Ֆարսի նահանգապետի գրասենյակը հայտարարել է, որ Ղազերուն և Ֆարաշբենդ շրջանները լուսաբացից առաջ ենթարկվել են ամերիկյան հրթիռային հարձակման։ Նահանգային իշխանությունների տվյալներով՝ թիրախներից մեկը Ֆարաշբենդի մարզադահլիճն էր։ Հարձակումների հետևանքով զոհեր չեն գրանցվել։

Դրանից առաջ ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր Իրանի թիրախներին հասցված հարվածների մասին՝ ի պատասխան տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա իրանական գրոհի։

Հրամանատարության տվյալներով՝ երկու ժամ տևած հարվածները խոցել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տասնյակ թիրախներ, այդ թվում՝ հրամանատարական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրեր և առափնյա պաշտպանության օբյեկտներ։

«Հարվածները նպատակամիտված էին այն սպառնալիքների հետագա նվազեցմանը, որոնք Իրանից ու նրա հովանավորյալներից գալիս էին ամերիկյան զորքերի, առևտրային նավագնացության և հարևան Պարսից ծոցի երկրների համար», - ասվում է CENTCOM-ի հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում