Տնտեսություն

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքն այս պահի դրությամբ նվազել է 2025 թվականի համեմատ

3 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքն այս պահի դրությամբ նվազել է 2025 թվականի համեմատ

Հայաստանի պետական պարտքն այս տարվա հինգ ամիսների տվյալներով կազմել է 41․3 տոկոս, սակայն տարվա երկրորդ կիսամյակում կարող է հասնել մոտավորապես 50 տոկոսի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հուլիսի 29-ի հանդիպմանն այս մասին հայտարարեց Համաշխարհային բանկի խմբի՝ «Հայաստանի տնտեսական զարկերակը . ձգտելով աղքատությունը նվազեցնող աճի՝ ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ» վերտառությամբ նոր զեկույցը ներկայացրած ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը։

«2025 թվականին բյուջեով պլանավորված էր մոտ 5․5 տոկոսի պակասորդ, սակայն տարին եզրափակվեց 3․8% պակասորդով։ Սա հիմնականում պայմանավորված էր ընթացիկ ծախսերի որոշակի տնտեսումներով, նաև կապիտալ ծախսերի որոշ թերակատարմամբ՝ թեև կապիտալ ծախսերն անցյալ տարիներին բավականին աճել են։ Նախորդ տասնամյակում կապիտալ ծախսերը ՀՆԱ-ի համեմատ եղել են մոտ 3 տոկոս, հիմա՝ շուրջ 6 տոկոս են։ Բավականին բարձր նշաձող է սահմանված եղել, հետևաբար կապիտալ ծախսերի ծրագիրն ամբողջությամբ չի կատարվել։

Նաև եղել է հարկային մուտքերի բավականին բարձր հավաքագրում, որի արդյունքում ունեցել ենք ավելի քիչ պակասորդ։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին նախատեսված է եղել, որ բյուջեի պակասորդը լինելու է 1․7%, սակայն կազմել է 0․2 տոկոս։ Դա հիմնականում պայմանավորված է բավականին քիչ կապիտալ ծախսերի կատարմամբ։ Ակնկալվում է, որ երկրորդ կիսամյակում կապիտալ ծախսերը կավելանան»,- նշեց Արմինե Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ բյուջեի եկամուտներն աճել են 15 տոկոսով՝ հիմնականում ավելացրած արժեքի հարկի և եկամտային հարկի վճարման շնորհիվ։ Ըստ նրա, վարձու աշխատողների թվի աճին զուգահեռ ավելանում են եկամտահարկ վճարողները։ Նաև աշխատավարձերի բարձրացումն է նպաստում եկամտային հարկի ավելի բարձր հավաքագրմանը։

Արմինե Մանուկյանի դիտարկմամբ՝ Հայաստանի պետական պարտքն այս տարվա հինգ ամիսների տվյալներով կազմել է 41․3%՝ ավելի քիչ, քան 2025 թվականի վերջին։

«Բայց ակնկալում ենք, որ երկրորդ կիսամյակում այն կավելանա՝ կապիտալ ծախսերով ու պակասորդով պայմանավորված և կկազմի մոտ 50%»,- ասաց նա։

Անդրադառնալով գնաճին՝ Արմինե Մանուկյանն արձանագրեց, որ 2024 թվականին Հայաստանում գների բարձրացում չի եղել, բայց հաջորդ տարվանից սկսած գները սկսել են աճել՝ ավելի մեծ թափ ստանալով այս տարվանից։

«Գնաճը հիմնականում առնչվում է սննդամթերքին և ոչ ոգելից խմիչքներին։ Դա, իր հերթին, պայմանավորված է միջազգային շուկայում գների բարձրացմամբ։ Որոշ չափով պայմանավորված է նաև ռուսական ռուբլիի նկատմամբ հայկական դրամի արժեզրկմամբ, քանի որ Հայաստանը հիմնականում Ռուսաստանից է ներմուծում կատարում։

Նաև, որ 2025 թվականից սկսած որոշ չափով ավելացել են առողջապահական ծախսերը։ Տրանսպորտի գինը նույնպես ազդում է գնաճի վրա։ Ակնկալում էինք, որ տրանսպորտի կամ էներգակիրների գների բարձրացումը ավելի մեծ ազդեցություն կունենա Հայաստանում գնաճի վրա, սակայն մյուս երկրների համեմատ այն առայժմ ավելի քիչ է»,- նշեց տնտեսագետը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում