Հայաստանում վերջին տարիներին գրանցված տնտեսական բարձր աճի օգուտները հավասարապես հասանելի չեն երկրի բոլոր բնակիչներին. Համաշխարհային բանկ
5 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին Հայաստանում գրանցված տպավորիչ տնտեսական աճի արդյունքները հավասարապես հասանելի չեն երկրի բոլոր բնակիչներին։ Թեպետ աղքատության մակարդակը նվազել է, սակայն այս ձեռքբերումները մնում են փխրուն. տնային տնտեսությունների զգալի մասը, գտնվելով աղքատության ստորին շեմից փոքր-ինչ բարձր մակարդակի, միևնույնն է խիստ ենթակա են ցնցումների և ունեն դիմակայունություն ձևավորելու սահմանափակ կարողություններ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հուլիսի 29-ի հանդիպմանն այս հանգամանքին ուշադրություն հրավիրեց ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը՝ ներկայացնելով Համաշխարհային բանկի խմբի՝ «Հայաստանի տնտեսական զարկերակը. ձգտելով աղքատությունը նվազեցնող աճի՝ ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ» վերտառությամբ նոր զեկույցի դրույթները։
«Հայաստանի վերջին տարիների տնտեսական աճը բավականին տպավորիչ է, աղքատության մակարդակը նվազում է, գործազրկության մակարդակը, ինչպես ցույց են տալիս ցուցանիշները, նվազում է, հարկաբյուջետային քաղաքականությունը կատարում է վերաբաշխման իր դերը և որոշ ազդեցություն է ունենում աղքատության նվազման վրա։ Սակայն, այս ամենով հանդերձ, բարձր աճի օգուտները բոլորին չէ, որ հավասարապես հասանելի են։ Տնային տնտեսությունների մի զգալի մասը գտնվում է աղքատության շեմից քիչ բարձր, ինչը համարում ենք խոցելի։ Թեև գործազրկության մակարդակը նվազում է, բայց զբաղվածության մակարդակը նույնպես լճացած է, չի աճում՝ գտնվում է 50 տոկոսի մակարդակին։ Հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է ավելի արդյունավետ, ավելի թիրախային լինել և ավելի մեծ ազդեցություն ունենալ աղքատության նվազմանը»,-նշեց Արմինե Մանուկյանը։

Ըստ նրա՝ գործազրկության մակարդակը մինչև 2019 թվականը պահպանվող 18 տոկոսից նվազել է մինչև 12,8 տոկոսի, սակայն այս ցուցանիշն էլ համարվում է շատ բարձր։
«Գործազրկության մակարդակի նվազմանը զուգահեռ չի աճել բնակչության զբաղվածության մակարդակը։ Զբաղվածության մակարդակը հաշվարկում է 15-74 տարեկան բնակիչների թվին զբաղված բնակչության թվի հարաբերակցությամբ։ Եթե 15-74 տարեկանների թիվն աճում է, իսկ զբաղվածության մակարդակը նույն համամասնությամբ չի բարձրանում՝ զբաղվածության ցուցանիշը նվազում է»,-ընդգծեց բանախոսը։
Արմինե Մանուկյանը նշեց, որ կարևոր են ոչ միայն զբաղվածության մակարդակը, այլև աշխատաշուկայի բնութագրերը։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի աշխատաշուկայի յուրահատկություններից է այն, որ աշխատանքային ռեսուրսների, այսինքն՝ 15-74 տարեկան աշխատունակ մարդկանց միայն 37 տոկոսն է աշխատում գրավոր ձևակերպած պայմանագրերով։ Մինչդեռ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում այս ցուցանիշը միջինում 45-50 տոկոս է։
«Նաև պարզ է, որ պայմանագրային վարձու աշխատողների կենտրոնացումը քաղաքներում է, իսկ գյուղերում մարդիկ հիմնականում աշխատում են որպես ինքնազբաղվածներ և ընտանիքի անդամներ են, որոնք աշխատում են առանց վարձատրության»,-արձանագրեց Արմինե Մանուկյանը։

Նշվեց նաև, որ Հայաստանում իրական աշխատավարձի բարձրացում տեղի է ունեցել հիմնականում մասնագիտական բարձր հմտություններ պահանջող ՏՏ և ֆինանսական ոլորտներում։
«2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 12.6, իսկ 2025-ին՝ 7.1 տոկոս։ Տնտեսական աճը հիմնականում գոյացել է ծառայությունների ոլորտից՝ ավելի շատ ֆինանսական ծառայությունների, ապահովագրության, ՏՏ ոլորտի և մասնագիտական աշխատանքների ծառայություններից։ Տնտեսական աճին մեծապես նպաստել է նաև շինարարությունը։ Արդյունաբերության ոլորտում այս տարի հատկապես մեծ աճ է արձանագրել հանքարդյունաբերությունը»,-նշեց նա։
Համաշխարհային բանկի խմբի այս զեկույցը «Երկրի տնտեսական նորությունները» (ԵՏՆ), սոցիալ-տնտեսական զարգացումների մշտադիտարկմանը և տնտեսական քաղաքականության և հեռանկարների շուրջ իրազեկ երկխոսության խթանմանը նվիրված կանոնավոր շարքի զեկույցներից մեկն է։ Նշվում է, որ Հայաստանի ԵՏՆ-ների նպատակը երկրի վերջին տնտեսական զարգացումների և տնտեսական հեռանկարների շարունակական, համակողմանի և ամփոփ վերլուծության ներկայացումն է, ինչպես նաև առանձին կառուցվածքային խնդիրների խոր ուսումնասիրությունը, որոնք քաղաքականություն մշակողների և շահագրգիռ կողմերի ուշադրությունն են պահանջում։
Այս զեկույցը հիմնականում հրապարակվում է յուրաքանչյուր տարվա կեսին և ավարտին։ Սովորաբար բաղկացած է լինում երկու բաժնից՝ վերջին մակրոտնտեսական զարգացումների ամփոփ ներկայացումից և հատուկ թեմայից։ Վերջինս այս տարի կոչվում է «Աղքատությունը, աշխատանքի շուկայի առանձնահատկությունները և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը»։