Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն հուլիս 28-ին՝ ժամը 10։00-ին, ահազանգ է ստացվել, որ Կապանի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի դիմաց ավտոմեքենան ընկել է Ողջի գետը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել գետում։
Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել գետից։