Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
3 րոպեի ընթերցում

Reuters-ի և Ipsos International Services-ի կողմից հուլիսի 24-26-ը համատեղ անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին, ինչը հարցման ամենացածր ցուցանիշն է հինգ ամիս տևած հակամարտության առաջին օրերից ի վեր։ Ընդ որում՝ հարցվածների մեծ մասը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել պարզաբանել իր նպատակները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Թրամփն առաջարկել է հակամարտության փոփոխական նպատակներ, ինչպիսիք են՝ օգնել իրանցիներին տապալել իրենց առաջնորդներին, վերացնել Իրանի բալիստիկ հրթիռային հնարավորությունները և կանխել երկրի կողմից միջուկային զենքի ձեռք բերումը: Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 69%-ը, այդ թվում՝ 10 հանրապետականներից չորսը, կարծում են, որ Թրամփը «հստակ չի պարզաբանել ԱՄՆ ռազմական ներգրավվածության նպատակներն Իրանում»:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Օլիվիա Ուելսը հայտարարել է, որ Թրամփը որոշումներ չի կայացնի «փոփոխական հասարակական կարծիքի հարցումների» հիման վրա, և վերահաստատել է նախագահի վճռականությունը՝ կանխելու Իրանի կողմից միջուկային զենքի ձեռք բերումը։
«ԱՄՆ-ի ժողովրդի համար ամենակարևորն է ունենալ այնպիսի գերագույն հրամանատար, որը համարձակ գործողություններ կձեռնարկի իրենց անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Ուելսը։
Հարցման արդյունքները նաև ցույց են տվել, որ Թրամփի վարկանիշը բարձրացել է՝ հասնելով 37%-ի։ Հունիսի վերջին այն կազմել է 34%, ինչն ամենացածր ցուցանիշն էր 2025 թ. հունվարի 20-ին նրա կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Հարցումն անցկացվել է ԱՄՆ-ի 1248 չափահաս քաղաքացիների շրջանում։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հակամարտության հավանության ցուցանիշը 40%-ից ցածր է եղել, ինչը բավական ցածր է այլ վերջին հակամարտությունների սկզբնական ամիսների համեմատ։
2003-2011 թվականների Իրաքյան պատերազմը սկզբնական ամիսներին ուներ ամերիկացիների մոտ 70%-ի աջակցությունը։ Ըստ Gallup-ի անցկացրած հարցումների՝ Աֆղանստանի պատերազմի սկզբնական շրջանում, որը տեղի է ունեցել 2001-2021 թվականներին, երկրի քաղաքացիների մոտ 90%-ն աջակցում էր պատերազմին։