Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը
2 րոպեի ընթերցում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսի 26-ին ամփոփել է 93-րդ թատերաշրջանը՝ փակելով ստեղծագործական ևս մեկ հագեցած ու հիշարժան էջ։
«Այս թատերաշրջանի ընթացքում մենք գրեթե ամեն օր հանդիպեցինք մեր սիրելի հանդիսատեսի հետ՝ ներկայացնելով ինչպես սիրված օպերային և բալետային բեմադրությունները, այնպես էլ բացառիկ համերգային ծրագրեր, միջազգային նախագծեր և բազմաթիվ մշակութային իրադարձություններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է թատրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ յուրաքանչյուր ներկայացում, յուրաքանչյուր ելույթ հնարավոր է դարձել արտիստների, նվագախմբի, երգչախմբի, բալետի և օպերային թատերախմբերի, ինչպես նաև թատրոնի ամբողջ անձնակազմի անսահման նվիրումի և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ։

«Սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր արտիստներին՝ իրենց տաղանդի, անմնացորդ աշխատանքի և բեմին նվիրվածության համար, ինչպես նաև մեր հավատարիմ հանդիսատեսին, որի սերն ու ներկայությունը մեր ամենամեծ ոգեշնչումն են»,-ասվում է տեքստում և ընդգծվում, որ թատրոնի ստեղծագործական կազմը մեկնում է վաստակած հանգստի, սակայն թատրոնը չի փակվում. ամբողջ օգոստոսի ընթացքում թատրոնի բեմում հյուրախաղերով հանդես կգա «Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնը՝ ներկայացնելով գեղեցիկ բալետային երեկոներ:

Ամառային երեկոները կշարունակվեն նաև Օպերային թատրոնի տանիքում՝ «Երևանյան էտյուդներ» նախագծի շրջանակում։
