Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ, ՔԿ մամուլի քարտուղարը հայտնել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Մեկ անձ ձերբակալվել էր։
Միջադեպը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում՝ Ավետ Կոնջորյանի բնակության շենքի շքամուտքի մոտ։ Համացանցում տարածվել է նաև միջադեպը պատկերող տեսանյութ։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ հուլիսի 25-ին ժամը 14։00-ին Ոստիկանությունը հաղորդում է ստացել մարմնական վնասվածք ստացած քաղաքացու վերաբերյալ։