Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի և վերլուծական կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը

6 րոպեի ընթերցում

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 2026 թվականի Մեդիայի և վերլուծական կենտրոնների գագաթնաժողովը։ Հայաստանը գագաթնաժողովին ներկայացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Գագաթնաժողովը կազմակերպվել է Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության և Ղրղզստանի «Կաբար» լրատվական գործակալության համատեղ նախաձեռնությամբ՝ ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի 26-րդ նիստին ընդառաջ։ Հայաստանը 2016 թվականից Շանհայի համագործակցության կազմակերպությունում ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, ինչը հնարավորություն է տալիս մասնակցելու կազմակերպության շրջանակում անցկացվող քննարկումներին, նախարարական խորհրդակցություններին, աշխատանքային խմբերի և այլ ձևաչափերի հանդիպումներին։

Այս տարվա համաժողովը կրում է «ՇՀԿ-ն նոր դարաշրջանում․ փոխըմբռնումից դեպի գործնական համագործակցություն» խորագիրը։ Միջոցառմանը մասնակցում են շուրջ 250 ներկայացուցիչ 26 երկրից, այդ թվում՝ լրատվական գործակալությունների ղեկավարներ, լրատվամիջոցների, վերլուծական կենտրոնների, գիտահետազոտական հաստատությունների, համալսարանների, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի լիագումար նիստերի և թեմատիկ քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադառնում են միջազգային տեղեկատվական համագործակցության զարգացմանը, մեդիա ոլորտի թվային փոխակերպմանը, հումանիտար փոխգործակցությանը, ինչպես նաև գլոբալ տեղեկատվական միջավայրի առջև ծառացած արդի մարտահրավերներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը, որոնք փոխում են տեղեկատվության ստեղծման, տարածման և սպառման գործընթացները։

Բացման արարողության ընթացքում Ղրղզստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական քաղաքականության ծառայության ղեկավար Դայրբեկ Օրունբեկովը նշեց, որ համաժողովը ոչ միայն մասնագիտական հանդիպում է, այլև կարևոր քայլ՝ ՇՀԿ տարածքում տեղեկատվական անվտանգության հիմքերի ամրապնդման, մտավոր համագործակցության խորացման և ժողովուրդների միջև բարեկամության «ոսկե կամուրջի» կառուցման ճանապարհին։

«Այսօր մենք ապրում ենք տեղեկատվության և տեխնոլոգիաների դարաշրջանում։ Տեղեկատվությունը վայրկյանների ընթացքում հասնում է աշխարհի ցանկացած կետ։ Այդ պատճառով զանգվածային լրատվության միջոցների և վերլուծական կենտրոնների պատասխանատվությունը հասարակական կարծիքի ձևավորման, երկրների միջև վստահության պահպանման և անվտանգության ապահովման գործում զգալիորեն աճել է։ Այսօր տեղեկատվությունը դարձել է ամենաազդեցիկ գործիքը, որը ձևավորում է ժողովուրդների գիտակցությունն ու պետությունների ապագան։ Հենց այդ պատճառով վերլուծական կենտրոնների խորը հետազոտությունների և լրատվամիջոցների օպերատիվ, ճշգրիտ ու օբյեկտիվ աշխատանքի համադրությունը դարձել է ժամանակի գլխավոր պահանջը։ Վստահ եմ, որ ձեր համակարգված աշխատանքը կդառնա հուսալի վահան տեղեկատվական մանիպուլյացիաների և ֆեյք լուրերի հոսքի դեմ։ Վստահ եմ նաև, որ այդ վահանի շնորհիվ հանրությանը կհասնեն միայն ստուգված փաստերն ու հավաստի տեղեկատվությունը»,- ասել է Օրունբեկովը։

Ղրղզստանի ազգային «Կաբար» լրատվական գործակալության տնօրեն Մեդերբեկ Շերմետալիևն իր ելույթում ընդգծել է, որ ՇՀԿ-ի հիմնադրման 25-ամյակի տարում կազմակերպությունում նախագահությունը երկրի համար ոչ միայն մեծ պատիվ և պատասխանատվություն է, այլև պատմական հնարավորություն՝ նոր խթան հաղորդելու կազմակերպության հիմնարար սկզբունքների և արժեքների զարգացմանը։

«Այսօրվա հանդիպումը մեր նախագահության շրջանակում անցկացվող կարևոր միջոցառումներից մեկն է։ Վստահ եմ, որ այս համաժողովը կդառնա նոր գաղափարների ձևավորման, ռազմավարական գործընկերության ամրապնդման կարևոր հարթակ և զգալի ներդրում կունենա մեր ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման գործում»,- ասել է Շերմետալիևը։

Նա նաև նշել է, որ աշխարհն այսօր փոխվում է աննախադեպ արագությամբ։ Թվային տեխնոլոգիաները զգալիորեն հեշտացրել են տեղեկատվության փոխանակումը, սակայն միաժամանակ առաջ են բերել նոր մարտահրավերներ՝ ապատեղեկատվության, տեղեկատվական մանիպուլյացիաների, կիբեռանվտանգության սպառնալիքների և հասարակական կարծիքի վրա արտաքին ազդեցության տեսքով։

«Սինխուա» լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Սի Յանչունն իր հերթին ընդգծել է, որ ՇՀԿ անդամ երկրների լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները կարևոր դեր ունեն պետությունների միջև փոխադարձ վստահության ամրապնդման, համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։

«ՇՀԿ-ի ԶԼՄ-ներն ու վերլուծական կենտրոնները հատուկ պատասխանատվություն են կրում և պետք է համատեղ աշխատեն՝ զարգացման այն ուղով, որը հիմնված է միասնության, փոխադարձ վստահության և փոխշահավետ համագործակցության վրա», - եզրափակել է նա։

Համաժողովի շրջանակում անցկացվում են նաև փորձագիտական քննարկումներ, ՇՀԿ-ի 25-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և մշակութային միջոցառումներ։

«Արմենպրես»-ը շարունակում է ակտիվորեն ներգրավվել միջազգային մեդիա երկխոսության մեջ՝ նպաստելով գործակալության գործընկերային ցանցի ընդլայնմանը և տարբեր երկրների առաջատար լրատվամիջոցների ու տեղեկատվական կառույցների հետ մասնագիտական համագործակցության խորացմանը։

Հայերեն English Русский