Չինաստանի արդյունաբերական հսկան հետաքրքրված է Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ

3 րոպեի ընթերցում

Չինաստանի Լանժոու քաղաքում գործող «Lanzhou LS Group» ընկերությունը բաց է աշխարհի տարբեր երկրների, այդ թվում և Հայաստանի հետ համագործակցության համար։

«Արմենպրես»-ի թղթակցի՝ ընկերության գլխավոր գրասենյակ կատարած այցի ժամանակ «Lanzhou LS Group»-ի ներկայացուցիչները ներկայացրել են գործունեության ուղղությունները և հայտնել, որ իրենց տեխնոլոգիաները կարող են աջակցել վերականգնվող էներգիայի նախագծերի զարգացմանը տարբեր շուկաներում, այդ թվում և Հայաստանում աճող արևային էներգիայի ոլորտում։

«Lanzhou LS Group»-ը Չինաստանի ծանր մեքենաշինության ոլորտի առաջատար ընկերություններից է։ Հիմնադրված լինելով 1953 թվականին՝ երկրի արդյունաբերականացման վաղ փուլում, այն ժամանակի ընթացքում վերածվել է բարձր տեխնոլոգիական արտադրական հզորության։

Ընկերությունը արտադրում է ռազմավարական նշանակության ծանր արդյունաբերական սարքավորումների լայն տեսականի, այդ թվում՝ ցամաքային և ծովային նավթահորատման կայանքներ, բարձր ճնշման քիմիական ռեակտորներ, ջրածնային և միջուկային էներգետիկայի բաղադրիչներ, ինչպես նաև մետալուրգիական արդյունաբերության համար նախատեսված հսկայական հիդրավլիկ կռման մամլիչներ։

Չինական արդյունաբերական հսկան նաև լայն միջազգային գործունեություն է ծավալում։ Նրա ծովային ինժեներական և էներգետիկ նախագծերն իրականացվում են նաև Ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ համագործակցությամբ։

Ընկերությունը նաև տրամադրում է ամբողջական ծառայություններ իր վերջին նորարարական համակարգի՝ հալված աղի հիմքով էներգիայի կուտակման համար։ Տեխնոլոգիան նախատեսված է արևային ջերմային էներգիան կուտակելու, պահեստավորելու և էլեկտրացանցին կայուն ու հուսալի կերպով փոխանցելու համար՝ բարձրացնելով վերականգնվող էներգիայի արտադրության կայունությունն ու արդյունավետությունը։

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ Հայաստանի հետ էներգիայի կուտակման ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ, «Lanzhou LS Group»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունը մեծ հետաքրքրություն ունի համագործակցելու բոլոր այն երկրների հետ, որոնք հետաքրքրված են նման տեխնոլոգիաներով։

Անդրադառնալով մասնավորապես Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հնարավորություններին՝ նրանք առանձնացրել են իրենց հալված աղի էներգիայի կուտակման տեխնոլոգիան և հրավիրել հայաստանյան պետական կառույցների ու ոլորտի ներկայացուցիչներին այցելել Լանժոու՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

«Մենք բաց ենք համագործակցության համար բոլորի հետ։ Պատրաստ ենք հյուրընկալել հայկական պատվիրակություններին և քննարկել հնարավոր համատեղ նախագծերը»,- «Արմենպրես»-ին ասել է «LS Group»-ի ներկայացուցիչը։

Հայերեն English