ԱՄՆ-ն 10-12,5 տոկոս ​​նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները ներմուծման նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ՝ այս քայլը բացատրելով  հարկադիր աշխատանքի դեմ պայքարով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարություն է տարածել ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի գրասենյակը:

Նշվում է, որ որոշումը նախատեսում է 10% կամ 12,5% ​​մաքսատուրքեր 60 առևտրային գործընկերների համար՝ որոշակի բացառությունների հաշվառմամբ։

«Միացյալ Նահանգներն աշխարհում միակ երկիրն է, որն արգելում է հարկադիր աշխատանքով արտադրված ապրանքների ներմուծումը և արդյունավետորեն կիրառում այն։ Նախագահ Թրամփը կոչ է անում բոլոր առևտրային գործընկերներին միանալ Միացյալ Նահանգներին՝ համաշխարհային մատակարարման շղթաներից հարկադիր աշխատանքը վերացնելու գործում», - նշված է հայտարարության մեջ։

Այս գործողությունը վերաբերում է ԱՄՆ 60 խոշորագույն առևտրային գործընկերներին, որոնք կազմում են ԱՄՆ ներմուծման 99,4%-ը

Ըստ ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի՝ 10% մաքսատուրքեր կսահմանվեն այն երկրների նկատմամբ, որոնք պարտավորվել են ընդունել և կիրառել ներմուծման արգելք հարկադիր աշխատանքով արտադրված ապրանքների համար, իսկ այն երկրները, որոնք նման արգելք չեն ընդունել, կհարկվեն 12,5% ​​մաքսատուրքով։

Հայաստանը երկրների ցանկում չկա։

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել հուլիսի 24-ին՝ ԱՄՆ Արևելյան ժամանակով ժամը 00:01-ից (Երևանի ժամանակով՝ ժամը 08:01-ից):

Դրանք փոխարինելու կգան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած 10% ժամանակավոր գլոբալ մաքսատուրքերին: Այդ մաքսատուրքերի ժամկետը, որոնք սահմանել էին 150 օրով, լրանում էր հուլիսի 24-ին: Թրամփն այդ միջոցները սահմանել էր փետրվարին, այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել 2025 թվականին ընդունված մաքսատուրքերը:

Հայերեն Русский