Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ

3 րոպեի ընթերցում

Իսպանիայում և Ֆրանսիայում անտառային հրդեհների դեմ պայքարող փրկարարները հուլիսի 22-ին հայտարարել են, որ առաջիկա օրերին նոր հրդեհների վտանգը շարունակում է մնալ շատ բարձր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Տվյալները ցույց են տալիս, որ այս տարի Եվրոպայում անտառային հրդեհների հետևանքով այրվել է ավելի մեծ տարածք, քան վերջին երկու տասնամյակների տարեկան միջին ցուցանիշն է։ Աշխարհի ամենաարագ տաքացող մայրցամաքը այս տարի բախվել է գրեթե անընդմեջ երեք ուժեղ ջերմային ալիքի։

Ֆրանսիայում, որտեղ հուլիսի 21-ին Ժիրոնդ շրջանում երկու հրշեջ էր զոհվել նրանց մեքենայի՝ կրակի շրջափակման մեջ հայտնվելու պատճառով, իշխանությունները կոչ են արել շոգից տուժած շրջաններում խուսափել կրակ անելուց՝ ընդգծելով, որ անտառային հրդեհների 10 դեպքից 9-ը՝ պատահական կամ դիտավորյալ, կապված են մարդու գործունեության հետ։

Ժիրոնդ շրջանում բռնկված հրդեհը Բորդոյի և Կապ Ֆեռե շրջանների միջև ոչնչացրել է մոտ 100 հեկտար տարածք։ Հուլիսի 22-ին իշխանությունները տարհանել են Սաումոս գյուղի շրջակայքի մոտ 600 բնակչի։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ այս տարի երկրում արդեն այրվել է 44 հազար հեկտար տարածք, ինչը զգալիորեն գերազանցում է միջին ցուցանիշները։ Նա Ժիրոնդ էր մեկնել՝ հարգանքի տուրք մատուցելու հրդեհի դեմ պայքարում զոհված երկու հրշեջների հիշատակին։

Իսպանիայի այս տարվա ամենավատ հրդեհը Գվադալախարայի շրջանում ոչնչացրել է մոտ 32 հազար հեկտար տարածք։ Հրդեհը հուլիսի 21-ին սկսել է կայունանալ։ Դրա պատճառով տարհանվել էին 34 համայնքի բնակիչներ, սահմանափակվել էր տեղաշարժը ևս 14 համայնքում։

Կաստիլիա-Լա Մանչայի հրդեհային ծառայությունը հայտնել է, որ հինգ գյուղերի բնակիչներին թույլատրվել է վերադառնալ իրենց տներ, թեև որոշ սահմանափակումներ դեռ պահպանվում են։

Տարածք այցելած Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հուլիսի 22-ին հայտարարել է, որ այս տարի երկիրը արդեն բախվել է 22 խոշոր անտառային հրդեհի։

Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը (AEMET) հայտնել է, որ հրդեհների վտանգը շարունակում է մնալ «շատ բարձր կամ ծայրահեղ» և առաջիկա օրերին կարող է ավելի աճել։

Ծառայությունը քաղաքացիներին կոչ է արել «ծայրահեղ զգուշություն ցուցաբերել», քանի որ շարունակվող ջերմային ալիքին միացել են Սահարայի փոշու հոսքերը։

Թեև հուլիսի 23-ին որոշ շրջաններում ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի, կանխատեսվում է, որ չոր արևմտյան քամին կրկին կուժեղացնի շոգը Միջերկրածովյան շրջաններում, որտեղ որոշ վայրերում ջերմաստիճանը կարող է հասնել 42–44°C-ի։

Հունաստանում, որտեղ ջերմաստիճանը կարող է գերազանցել 41°C-ը, իշխանությունները արգելել են բացօթյա աշխատանքները կեսօրվա ամենաշոգ ժամերին։ Կիպրոսում ևս հուլիսի 22-ի կեսօրից հետո սահմանափակվել են բացօթյա աշխատանքները։

Հայերեն Русский

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել է

Հիփոթեքով բնակարան գնելու որոշ պայմանագրեր հնարավոր կլինի կնքել առանց նոտարի

Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել քրեակատարողական հիմնարկում գտնվող Արեգնազ Մանուկյանի հետ

ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ»

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք. 48 բնակարան կտրամադրվի քանդված շենքերի բնակիչներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը