Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
2 րոպեի ընթերցում
Բոլոր ժամանակների մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարը մերժել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի առաջարկը՝ ստանձնելու երկրի նախագահի պաշտոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պոլգարը գրել է Facebook սոցիալական ցանցում։
«Ես չեմ զգում, որ ուժ ունեմ՝ ստանձնելու պառակտված ազգը միավորելու պատմական պատասխանատվությունը, ուստի չեմ կարողանա ընդունել հրավերը։ Ես կանեմ իմ ուժերի սահմաններում ամեն բան՝ աջակցելու հանրապետության նոր, անկախ և հարգված նախագահին՝ այս նպատակներին հասնելու գործում», - գրել է նա։
Մադյարն իր հերթին հուլիսի 20-ի ուշ երեկոյան X-ում գրել է, որ խորհրդակցել է Յուդիթ Պոլգարի՝ «Հունգարիայի կենդանի լեգենդի» հետ, որը նրան բացատրել է, որ չի կարող ընդունել նախագահ դառնալու առաջարկը։
«Ես ցավում եմ, բայց հարգանքով ընդունում եմ նրա որոշումը։ Շնորհակալ եմ այս խնդրանքին այդքան լրջորեն վերաբերվելու համար.... Ես ցավում եմ, եթե իմ անվերապահ վստահությամբ պայմանավորված ուրախությունից և ոգևորությունից առաջացած հաղորդակցման սխալներն առաջացրել են մի իրավիճակ, որոնք ազդել են նրա որոշման վրա։ Սխալների համար պատասխանատվությունը բացառապես իմն է», - գրել է Մադյարը։
Նա հուլիսի 19-ին հայտարարել էր, որ մտադիր է երկրի հաջորդ նախագահի պաշտոնում առաջադրել Յուդիթ Պոլգարին՝ նշելով, որ վերջինս կարող է խորհրդանշել երկրի միասնությունը։
Ավելի վաղ իշխող կուսակցության ճնշումների ֆոնին երկրի նախագահ Թամաշ Սուլյոկը ստորագրել էր սահմանադրական փոփոխությունը, որով ավարտվել էր նրա նախագահական ժամկետը։ Սուլյոկը համարվում էր նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կողմնակիցը։