Եվրոպա

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հուլիսի 19-ին հայտարարել է, որ մտադիր է երկրի հաջորդ նախագահի պաշտոնում առաջադրել բոլոր ժամանակների մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մադյարը «Ֆեյսբուք»-ում կատարած գրառման մեջ նշել է, որ 49-ամյա Պոլգարը կարող է խորհրդանշել երկրի միասնությունը։ Նա տեղեկացրել է, որ հուլիսի 20-ին կհանդիպի Պոլգարի հետ ու կճշտի՝ արդյոք նա կընդունի նախագահի թեկնածու լինելու առաջարկը։

Ավելի վաղ Հունգարիայի նախագահ Թամաշ Սուլյոկը, տեղի տալով ճնշումներին, ստորագրել էր Մադյարի ղեկավարած՝ իշխող «Տիսա» կուսակցության կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունը, որով ավարտվում է նրա՝ պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետը։

Այդ օրենսդրական փոփոխությունը Մադյարի՝ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի իշխանական հենասյուները վերացնելու ծրագրի մի մասն էր։ Մադյարը հայտարարել է, որ ապրիլին կայացած ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո ընտրողներից ստացել է նման գործողություններ իրականացնելու մանդատ։

Խորհրդարանը, որտեղ Մադյարի կուսակցությունն ունի սահմանադրական փոփոխություններ ընդունելու հնարավորություն տվող երկու երրորդ մեծամասնություն, կընտրի նոր նախագահ, որը պաշտոնավարելու է մինչև նախատեսվող նոր սահմանադրության ուժի մեջ մտնելը կամ առավելագույնը հինգ տարի ժամկետով։

Յուդիթ Պոլգարը համարվում է շախմատի պատմության ամենատաղանդավոր կին խաղացողներից։ Նա միակ կինն է, որը հատել է 2700 վարկանիշային միավորի շեմը, ինչը շատերը համարում են «Սուպեր գրոսմայստերի» մակարդակ։

Փետրվարին Netflix-ում թողարկվել է Պոլգարի մասին «Շախմատի թագուհին» (Queen of Chess) վավերագրական ֆիլմը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում