Հայաստանում հաստատվել են լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

1 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթով սահմանվում են Հայաստանի լեզվական պետական քաղաքականության տեսլականը, հիմնական սկզբունքները, իրականացման ուղղությունները և արդյունքների գնահատման մեխանիզմները։

Հիմնադրույթների նպատակն է ձևավորել միասնական քաղաքականություն՝ ուղղված երկրում լեզվական բազմազանության պահպանմանը, լեզուների կենսունակ միջավայրի ապահովմանը և շարունակական զարգացմանը։

Փաստաթղթում կարևորվում են ներառականությունը, տարբեր լեզվակիր խմբերի սոցիալ-հաղորդակցական համակեցության մշակույթի ամրապնդումը և լեզվական բազմազանության պաշտպանությունը։

Հիմնադրույթները նախատեսում են նաև արձագանքել թվային տեխնոլոգիաների զարգացման հետևանքով լեզուների առջև առաջացող նոր մարտահրավերներին։

Հաստատված փաստաթուղթը հիմք կդառնա լեզվի ոլորտում հետագա ռազմավարությունների, պետական ծրագրերի և օրենսդրական փոփոխությունների մշակման համար։

Հայերեն العربية Español