5 րոպեի ընթերցում
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն արձագանքել է վերջին օրերին խմելու ջրի որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական հարթակներում տարածվող գնահատականներին՝ հայտարարելով, որ դրանք հիմնված չեն մասնագիտական եզրակացությունների կամ պաշտոնական տվյալների վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերության հայտնում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է շուրջօրյա և շարունակական վերահսկողության ներքո։
«Խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ոչ միայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Օրենքով սահմանված կարգով, այն մշտապես վերահսկվում է նաև պետական իրավասու մարմինների կողմից, որոնք իրականացնում են անկախ վերահսկողություն և արձանագրում են ցանկացած խախտում։ Հետևաբար, եթե խմելու ջրի որակի հետ կապված առկա լինեին առողջության համար վտանգ ներկայացնող շեղումներ կամ գործող նորմերի խախտումներ, դրանք անպայման կարձանագրվեին պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից և կդառնային հանրային իրազեկման առարկա»,-նշված է հայտարարության մեջ։
Ընկերությունից նշում են, որ եթե առկա լինեին առողջության համար վտանգ ներկայացնող շեղումներ կամ գործող նորմերի խախտումներ, դրանք կարձանագրվեին և կհրապարակվեին իրավասու մարմինների կողմից։
Անդրադառնալով ջրի կոշտության թեմային՝ ընկերությունից հայտնում են, որ այն խմելու ջրի անվտանգության ցուցանիշ չէ և առողջության համար վտանգ ներկայացնող գործոն չի համարվում։
«Ջրի կոշտությունը պայմանավորված է միայն տվյալ ջրաղբյուրի երկրաբանական առանձնահատկություններով։ Իսկ քանի որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տարբեր տարածաշրջաններում իր սպառողների ջրամատակարարումն իրականացնում է տարբեր ջրաղբյուրներից, հետևաբար ջրի առանձին ֆիզիկաքիմիական ցուցանիշները, այդ թվում՝ կոշտությունը, կարող են տարբեր լինել՝ պայմանավորված բացառապես աղբյուրների բնական առանձնահատկություններով։ Հատկանշական է նաև, որ 2027 թվականից ուժի մեջ մտնող նոր կարգավորումները ևս արտացոլում են ջրի կոշտության նկատմամբ կիրառվող մոտեցումների փոփոխությունը՝ այն չդիտարկելով որպես հանրային առողջության ռիսկ բնութագրող ցուցանիշ»,-տեղեկացնում են ընկերությունից:
Ընկերությունը նաև հիշեցնում է, որ 2027 թվականից ուժի մեջ մտնող նոր կարգավորումների համաձայն՝ ջրի կոշտությունն այլևս չի դիտարկվելու որպես հանրային առողջության ռիսկ բնութագրող ցուցանիշ։
««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ հայտարարում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է շարունակական վերահսկողության ներքո և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ պահանջներին։
Միաժամանակ կոչ ենք անում լրատվամիջոցներին, սոցիալական հարթակների օգտատերերին և բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ ընկերության գործունեության վերաբերյալ չստուգված, մասնագիտական եզրակացություններով չհիմնավորված և ընկերության նկատմամբ ուղղորդված բնույթ կրող տեղեկությունների տարածումից։ Հանրային առողջությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն պետք է հիմնված լինի բացառապես փաստերի, լաբորատոր հետազոտությունների արդյունքների և իրավասու մարմինների պաշտոնական գնահատականների վրա»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ տարբեր բնակավայրերից վերցված ջրի նմուշների փորձաքննությունների արդյունքներով ամառային շրջանում Գառնիի ջրին խառնվում է արտեզյան ջուր, ինչի հետևանքով մի շարք բնակավայրերում ջրի կոշտության ցուցանիշը գերազանցում է առողջապահության նախարարության կողմից սահմանված գործող նորմերը։ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ սպառողների կողմից դատարան դիմելու և խմբային հայցեր ներկայացնելու համար՝ պնդելով, որ քաղաքացիները վճարում են սահմանված չափանիշներին չհամապատասխանող ջրի դիմաց։ «Իմացե՜ք, որ խմում եք արտեզյան ջուր, որը կա, բայց թեկուզ այլ կարիքների համար չեն տալիս նորմալ գրաֆիկով, որովհետև.... երևի թանկ է: Բայց խառնում են Գառնիի ջրին, որ խմելու ջրի նորման լինի»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը։