Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
2 րոպեի ընթերցում

Նյու Ջերսի, ԱՄՆ
Մարզադաշտ Նյու Ջերսի
Եզրափակիչ
Իսպանիա-Արգենտինա` 1:0
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում մեկմեկու դեմ մրցեցին 2022 թվականի աշխարհի չեմպիոն Արգենտինան ու 2010 թվականի Մունդիալի չեմպիոն Իսպանիան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ի վեր նախաձեռնությունն ավելի շատ իսպանացիներինն էր։ Լուիս դե լա Ֆուենտեի թիմը երկար ժամանակ վերահսկում էր գնդակը և փորձում էր ճեղքել Արգենտինայի պաշտպանությունը։ Առաջին կեսում իսպանացիները հիմնականում տիրում էին գնդակին և շարունակում էին ճնշումը՝ ստեղծելով մի քանի հեռահար և դիրքային գրոհներ, սակայն վճռորոշ պահին նրանց չէր բավականացնում ճշգրտությունը։
Արգենտինան հիմնականում խաղում էր հակագրոհների հաշվին, սակայն առաջին կեսում այդպես էլ չկարողացավ լուրջ վտանգ ստեղծել Ունաի Սիմոնի պաշտպանած դարպասի մոտ։ Առաջին խաղակեսում Արգենտինան ընդհանրապես հարված չկատարեց մրցակցի դարպասին։
Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը գրեթե չփոխվեց։ Իսպանիայի հավաքականը շարունակում էր վերահսկել գնդակը և պարբերաբար ճնշում գործադրել Արգենտինայի պաշտպանության վրա, մինչդեռ աշխարհի գործող չեմպիոնները կենտրոնացած էին սեփական դարպասը պաշտպանելու և արագ հակագրոհներով պատասխանելու վրա։ Էմիլիանո Մարտինեսը բազմաթիվ անգամ փրկում էր արգենտինացիներին վերահաս գոլերից:
Խաղակեսի միջնամասում Իսպանիան նույնիսկ կարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն VAR-ի միջամտությունից հետո գոլը չեղարկվեց, քանի որ գրոհի ընթացքում արձանագրվել էր խախտում Նիկոլաս Օտամենդիի նկատմամբ։
Ավելացված ժամանակում Էնցո Ֆերնանդեսը կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ և հեռացվեց դաշտից, և Արգենտինան մնացած րոպեները անցկացրեց տասը ֆուտբոլիստով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 0-0 հաշվով ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում Իսպանիայի համար հաղթական գոլի հեղինակ դարձավ Ֆեռան Տոռեսը: