Հայաստան

ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր

2 րոպեի ընթերցում

ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր

Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին։

Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին, հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավար կազմը և COP17-ի նախապատրաստական աշխատանքները համակարգող խմբի ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև Տեսչական մարմնի մասնակցությունը համաժողովի «կանաչ» և «կապույտ» գոտիներում։

«Կանաչ» գոտում Տեսչական մարմինը կներկայացնի կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական պետական վերահսկողության ոլորտում կիրառվող ժամանակակից մոտեցումները, իսկ «կապույտ» գոտում կկազմակերպի երկկողմ ու բազմակողմ թեմատիկ քննարկումներ ու հանդիպումներ՝ ներկայացնելով Հայաստանի բնապահպանական վերահսկողական համակարգի փորձն ու իրականացվող բարեփոխումները։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համատեղ աշխատանքը՝ հստակեցնելով ներգրավված կառույցների գործառույթներն ու պատասխանատվության շրջանակները՝ համաժողովի պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։

2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ Երևանում համախմբելով աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, երիտասարդների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում