Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը

4 րոպեի ընթերցում

Թուրքիայում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը վնասներ հասցրած քաղաքացին կալանավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Օրեր առաջ Ստամբուլի Ուսքյուդար (Սկյուտար) շրջանի Բաղլարբաշը թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատունը հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով վնասվել էին վեց գերեզման և մեկ աղբյուր։

Վանդալիզմի դեպքի կապակցությամբ Կ․ Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել էր այս հարձակումը և ահազանգել ոստիկանություն, ինչից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր այս գործով հետաքննություն սկսելու մասին։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում՝ որպես կասկածյալ էր ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա բերման էր ենթարկվել 48 ժամը չլրացած՝ 2026-ի հուլիսի 9-ին։

Թուրքիայի քրեական դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և կալանավորել կասկածյալին։ Սակայն նրա ցուցմունքները չեն հրապարակվել, և առայժմ հայտնի չէ, թե ինչ դրդապատճառով է իրականացվել հարձակումը»,– նշված է կայքի հրապարակման մեջ։

Ըստ նույն հրապարակման՝ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) Վանի պատգամավոր Մահմութ Դինդարը, Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան վրա հարձակման դեպքից հետո, Թուրքիայի մեջլիսին խորհրդարանական հետաքննություն սկսելու առաջարկ է ներկայացրել։ Առաջարկի նպատակն է ուսումնասիրել հայկական և մյուս քրիստոնեական համայնքների գերեզմանատների ու պաշտամունքի վայրերի նկատմամբ իրականացվող հարձակումները։

Սփյուռք

Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին

Դինդարը նաև հարցում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը՝ պահանջելով պարզաբանումներ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների, դրանց վերաբերյալ իրականացվող քննությունների և պաշտպանական միջոցառումների վերաբերյալ։

Այդ առաջարկի հիմնավորման մեջ նշվում է, որ նման հարձակումները «լուրջ ատելության հանցագործություններ են, որոնք ուղղված են մահացածների նկատմամբ հարգանքի իրավունքին, կրոնի և խղճի ազատությանը, մշակութային ժառանգության պահպանությանը և Թուրքիայում ապրող քրիստոնյա քաղաքացիների անվտանգության զգացմանը»։

Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ հայերին, հույներին, ասորիներին և մյուս քրիստոնեական համայնքներին պատկանող գերեզմանատների, եկեղեցիների և պատմական շինությունների նկատմամբ կատարված հարձակումների դեպքերում մեղավորները հաճախ չեն բացահայտվում կամ արդյունավետ քննություն չի իրականացվում, ինչն ամրապնդում է անպատժելիության զգացումը։

Հիմնավորման մեջ հիշատակվում են նաև նախկինում Սուրբ Խաչ Դպրեվանք հայկական դպրոցի, Գալֆայան հայկական տարրական դպրոցի և Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նկատմամբ իրականացված ատելության հողի վրա կատարված հարձակումները՝ նշելով, որ այդ գործերով ևս մեղավորները չեն հայտնաբերվել կամ քննությունը բավարար արդյունավետ չի եղել։

Հայերեն العربية Español فارسی Русский

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ