6 րոպեի ընթերցում
Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» պատմական, կենսագրական դրաման պատմում է 1940 թվականի հունիսյան իրադարձությունների մասին, երբ Ֆրանսիայի կապիտուլյացիայի ֆոնին գրեթե անհայտ գեներալ Շառլ դը Գոլը մեկնում է Լոնդոն՝ սկսելու «Ազատ Ֆրանսիա» շարժումը և պայքարելու նացիստական օկուպացիայի դեմ:
Ռեժիսորական հետաքրքիր լուծումներով, դերասանական փայլուն խաղով արժեքավոր ֆիլմում Դը Գոլին մարմնավորում է ֆրանսահայ նշանավոր դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Սիմոն Աբգարյանը։ Նա դերը կերտել է մեծ պատասխանատվությամբ, վարպետությամբ և հերոսի նկատմամբ ակնհայտ ակնածանքով։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում, «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հուլիսի 16-ին ցուցադրվեց Երևանում։ Ֆիլմի երկրորդ մասը, որը կոչվում է «Դը Գոլ. ազատություն», Երևանում կցուցադրվի հուլիսի 18-ին։
Երևանյան պրեմիերային ներկա էին և՛ Սիմոն Աբգարյանը, և՛ Անտոնեն Բոդրին։
Բոդրին նշեց, որ Հայաստանը Ֆրանսիայից հետո առաջին երկիրն է, որտեղ ցուցադրվում է ֆիլմը։ Նրա խոսքով՝ «Դը Գոլի մարտը» և «Դը Գոլ. ազատություն» ֆիլմերը կարող ենք ողբերգություն և կատակերգություն համարել, սակայն գերակշռում է ողբերգությունը։
«Իրականում, ֆիլմն այն մասին է, թե ինչ ենք զգում, երբ կանգնած ենք երկիրը կորցնելու վտանգի առաջ։ Այդ շրջանում անորոշությունն էր պատել թե՛ ֆրանսիացիներին, թե՛ բրիտանացիներին, բայց հենց նման իրավիճակներում է հերոսը հավատում իր երազանքներին, և ծնվում է դիմադրությունը։ Ես ուրախ եմ այս ֆիլմը ցուցադրել Հայաստանում, քանի որ հայերը, վստահաբար, գիտեն, թե ինչ է դիմադրությունը։ Ֆիլմն այստեղ ցուցադրելու երկրորդը պատճառը Սիմոնն է»,-շեշտեց ռեժիսորը։
Անտոնեն Բոդրին հիշեցրեց ժամանակին տարածված անեկդոտն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը որոշում է՝ հարկավոր է Դը Գոլին նվիրված ֆիլմ նկարահանել։ Այդ նպատակով դիմում են երիտասարդ Ուիլյամ Ֆոլքներին, որպեսզի նա սցենարը գրի։ Ֆոլքները բազմաթիվ սցենարներ է գրում։ Մտածում են, որ սցենարը լավն է, սակայն պետք է հանել Դը Գոլի կերպարը, քանի որ հնարավոր չէ համապատասխան դերակատարի գտնել։
Այդ անեկդոտը պատմելուց հետո Բոդրին ասաց.
«Երբ մեկնարկում էի նախագիծը, շատ լավ գիտեի, թե ինչ լուրջ մարտահրավեր է լինելու Շառլ դը Գոլի դերակատարին գտնելը։ Սիմոն Աբգարյանը հիանալի ընտրություն էր և կարողացավ ներկայացել մի ամբողջ ժողովրդի»,-ընդգծեց նա։
Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադիր և նախագահ Շառլ դը Գոլի կերպարը կերտելիս Սիմոն Աբգարյանը շուրջ երեք շաբաթ ժամեր շարունակ բազմաթիվ նյութերի է ծանոթացել, դիտել է Դը Գոլի հարցազրույցները, նրա մասին պատմող ֆիլմերը։ Կարծում է՝ Շառլ դը Գոլն ինքնին թատերական կերպար է եղել, ասպետի է նման եղել, անգամ ժպտալու ժամանակ չի ունեցել, քանի որ պայքար էր, անհրաժեշտ էր հայրենիքը փրկել։
«Երեք շաբաթ անց փակեցի համակարգիչը, որոշեցի, որ իմ արվեստով եմ զբաղվելու, այն է՝ երևակայելը։ Վերցրի այդ ամբողջ նյութն ու այն իմը դարձրի, որպեսզի մարմին տամ, ձայն տամ։ Նման կերպարներին մարմնավորելիս կարող ես կրկնօրինակել նրանց՝ նույն ձայնը, ժեստերը, ինչն ինձ համար անընդունելի է և անհետաքրքիր»,-ավելի վաղ իր արվեստի երկրպագուների հետ հանդիպմանն ասել էր Աբգարյանը։
Ֆիլմի երևանյան պրեմիերային ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Աբգարյանին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով՝ համաշխարհային թատերարվեստում և կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի, հայկական մշակույթը միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնելու, ինչպես նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացմանն ուղղված երկարամյա և բեղմնավոր գործունեության համար:
Սիմոն Աբգարյանին տրվեց նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր «Վարպետ» մրցանակը։
Աբգարյանը հուզված էր, ոգևորված և շնորհակալ։
Սիմոն Աբգարյանն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է վաղ 1980-ականներին Ամերիկայում, իսկ այնուհետ շարունակել Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում է նաև կինո և հեռուստատեսային էկրաններին թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում։
Աբգարյանը համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սեդրիկ Կլապիշը, Ատոմ Էգոյանը, Ռոբեր Գեդիգյանը, Սալի Փոթերը, Ֆաթիհ Աքընը և ուրիշներ:
Կինոյում կերտել է այնպիսի վառ անհատականությունների կերպարներ, ինչպիսիք են Արշիլ Գորկին, Միսաք Մանուշյանը, իսկ այժմ նաև Շառլ դը Գոլը։ Նրան մեծ հաջողություն են բերել նաև Արամի դերակատարումը համանուն ֆիլմում և Ջեյմս Բոնդի հակառակորդի կերպարը «Կազինո «Ռոյալ» » կինոնկարում։
Աբգարյանը նվաճումներ է ունեցել նաև թատերարվեստում. նա «Մոլիեր» մրցանակի է արժանացել՝ ճանաչվելով «Լավագույն դերասան», հետագայում նաև՝ «Լավագույն ռեժիսոր« և «Լավագույն ֆրանսալեզու գրող»։