Եվրոպա

Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովը հուլիսի 15-ին վերջնական հավանություն է տվել օրինագծին, որը թույլ կտա անբուժելի հիվանդություններ ունեցող չափահաս անձանց ստանալ մահացու դեղորայք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Associated Press լրատվական գործակալությունը նշում է, որ սա այս թեմայով տարիներ շարունակվող քննարկումների վերջնակետն է։

Խորհրդարանի ստորին պալատում օրինագիծն ընդունվել է 291 կողմ, 241 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ օրենքն անմիջապես ուժի մեջ կմտնի։ Դեռ պետք է ուսումնասիրվի, թե արդյոք օրենքը համապատասխանում է Ֆրանսիայի Սահմանադրությանը։

Ազգային ժողովը հաստատել է նախաձեռնությունը՝ նախորդ երեք ընթերցումներում դրան հավանություն տալուց հետո։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օրենսդրական նախաձեռնության մասին հայտարարել էր ավելի քան երեք տարի առաջ։ «2022 թվականին ես պարտավորվեցի ֆրանսիացիների առջև բացել այս ճանապարհը։ Լրջությամբ, խոնարհությամբ և լիովին հարգելով մեր ժողովրդավարությունը՝ այդ պարտավորությունը կատարված է»,- X սոցիալական ցանցում հրապարակված ուղերձում գրել է Մակրոնը։

AP-ի հաղորդմամբ՝ տարբեր գնահատականների համաձայն՝ աշխարհում մոտ 300 միլիոն մարդու հասանելի է էվթանազիան։ Որոշ երկրներում էվթանազիան թույլատրված է որոշակի պայմաններով, իսկ այլ երկրներում, ինչպես նաև ԱՄՆ մի շարք նահանգներում, թույլատրվում է բժշկական օգնությամբ ինքնասպանությունը։

Ավանդական կաթոլիկ երկիր համարվող Ֆրանսիան երկար ժամանակ քննարկել է ընտրողաբար կյանքին վերջ տալու հետ կապված իրավական, բժշկական, բարոյական և կրոնական հարցերը։ Գործող օրենսդրությունը թույլ է տալիս բժիշկներին մահամերձ հիվանդներին մինչև մահը պահել հանգստացնող դեղերի ազդեցության տակ, սակայն չի թույլատրում ոչ օժանդակվող ինքնասպանությունը, ոչ էլ էվթանազիան։

Շատ ֆրանսիացիներ տարիների ընթացքում մեկնել են հարևան երկրներ, որտեղ բժշկական օգնությամբ ինքնասպանությունը կամ էվթանազիան օրինական են:

Բժշկական օգնությամբ ինքնասպանությունը սովորաբար ենթադրում է հիվանդի կողմից բժշկի կողմից նշանակված մահացու դեղորայքի կամավոր ընդունում: Էվթանազիան ենթադրում է բժշկի կամ այլ առողջապահական մասնագետի կողմից հիվանդի խնդրանքով մահացու ներարկում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում