3 րոպեի ընթերցում
Գառնիում երիտասարդ ամուսիններ Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը 3 տարի առաջ սեփական ուժերով ստեղծեցին իրենց «մեղրի մոլորակը»՝ Bee Planet-ը։
Սկզբում այն նախատեսված էր որպես փոքր արտադրամաս և մեղվանոց, սակայն ամուսիններն ընթացքում որոշում և էլ ավելի են զարգացնում իրենց գաղափարը. Bee Planet-ն այսօր ոչ միայն հյուրատուն է, այլև վայր, որտեղ կա մեղրի համտեսի սրահ, ապիթերապիայի (մեղվաբուժություն) հատուկ տնակ։
Այժմ ամուսիններն իրենց հյուրերին ներկայացնում են նաև մեղրային տարբեր արտադրանքներ՝ կրեմ-մեղրից մինչև մեղրի գինի և կոսմետիկ միջոցներ՝ օճառներ, դեմքի քսուկներ, չոր օծանելիք, մարմնի կարագ և այլն։
Bee Planet-ը Ակբա Ֆեդերացիայի և Impact Hub-ի համատեղ իրականացվող ֆելոուշիփի շահառուներից է: Ամիսներ շարունակ իրականացվող դասընթացների և հանդիպումների արդյունքում Նարեկն ու Ռուզաննան ձեռք են բերել բիզնես մտածողության նոր մոտեցումներ, ծանոթություններ ու փորձ:
«Աշխատանքների ամենասկզբում նախատեսում էինք ստեղծել միայն մեղվանոց և փոքր արտադրամաս, բայց որոշ ժամանակ անց մեր ծրագրերը փոխվեցին և որոշեցինք ստեղծել տարածք, որտեղ կլինի թե՛ հյուրատուն, թե՛ մեղրի համտեսի սրահ, և թե՛ մեղրային արտադրանքներ պատրաստելու արտադրամաս։ Ընթացքում անհրաժեշտություն առաջացավ խորացնելու մեր գիտելիքները և մասնակցեցինք Ակբա Ֆեդերացիայի և Impact Hub-ի կողմից կազմակերպվող դասընթացներին, որի ընթացքում էլ բարելավեցինք մեր գիտելիքները»,- նշում է Bee Planet հյուրատան համահիմնադիր Նարեկ Սարգսյանը։
«Հյուրատան ստեղծման ճանապարհին շատ օրեր են եղել, երբ մտածել եմ, որ անհնարին է, էներգիան ու ռեսուրսները չեն բավականացնում, բայց հաջորդ օրը հիշում էի մեր նպատակի մասին ու շարունակում։ Կարծում եմ, որ ամենակարևորը հավատն է ինքդ քո և գաղափարի հանդեպ, որը գործում գլխավոր շարժիչն է»,- նշում է Bee Planet հյուրատան համահիմնադիր Ռուզաննա Դանիելյանը։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։