Տեսանյութ

Շարունակելով ներդրումը երիտասարդների կրթության մեջ. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը

5 րոպեի ընթերցում

Ամերիաբանկը կրկին  մեկ հարկի տակ է համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին, որի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ մրցույթի շրջանակում  200 ուսանող 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ:

Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը նշեց, որ  Ամերիաբանկը 2008 թվականից  շարունակաբար համագործակցում է բուհերի հետ, քանի որ  ուսանողները ամենակարևոր, ամենահետաքրքիր  խմբերից մեկն են. «Մենք այստեղ մի քանի կարևոր արժեք ենք տեսնում։ Նախ՝ ուսումը, կրթությունն ու շարունակական զարգացումը, որոնք Ամերիաբանկի համար հիմնարար արժեքներ են։ Հաջորդը՝ երիտասարդների հետ մեր փորձով կիսվելն ու այդ փորձը նրանց փոխանցելը։ Եվ, իհարկե, որպես գործատու՝ մենք մեծ հնարավորություններ ենք ստեղծում աշխատանքային ուղին սկսելու, նոր մասնագիտություն ձեռք բերելու և Ամերիաբանկի հետ սեփական հաջողության պատմությունը կառուցելու համար»։

 «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթը երկրորդ տարին անընդմեջ իրականացվել է  «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ գործող պետական կամ ոչ պետական բուհերի ուսանողները, որոնք դիմելու պահին ունեին Ամերիաբանկի Visa Student տեսակի գործող քարտ:

Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ Ամերիաբանկը ընկերություն է անում երիտասարդ սերնդի հետ շատ ավելի վաղ ժամանակաշրջանից։

«Մենք երիտասարդների հետ համագործակցում ենք դեռ վաղուց, թե՛ որպես ապագա աշխատակիցների, թե՛ որպես թիմակիցների։ Իրականացրել ենք սերունդներին ուղղված մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ ներգրավել ենք բազմաթիվ նոր աշխատակիցների։ Մեր թիմի շուրջ 40 տոկոսը երիտասարդ մասնագետներ են, որոնք վերջերս են ավարտել բուհը, և նրանց հետ գրանցել ենք իսկապես գերազանց արդյունքներ։ Ունենք նաև երիտասարդներին և ուսանողներին ուղղված հետաքրքիր պրոդուկտներ, մասնավորապես՝ ուսանողական քարտեր, որոնք շատ շուտով շուկայում կներկայացվեն նորացված և առավել գրավիչ առաջարկներով»,- ասաց նա։

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2024 թվականին։  Մրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել և կրթաթոշակի արժանացել ՀՀ 18 պետական և մասնավոր բուհ ներկայացնող 360 ուսանող: Հաղթողներն ընտրվել են երկու չափանիշների համադրմամբ` ՄՈԳ-ի և մրցույթի շրջանակում անցկացվող ինտելեկտուալ թեստի արդյունքներ:

Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին ավելի քան 110 ուսանող, այդ թվում` նախորդ տարվա մրցույթի հաղթողները, ինչպես նաև ՀՀ բուհերի ներկայացուցիչներ: Մրցույթի ընթացքում անցկացվեց ինտերակտիվ պանելային քննարկում և  խոսնակների ելույթներ հաջողության պատմությունների վերաբերյալ:

Ուսանողները ևս փաստեցին ծրագիրը ոչ միայն հետաքրքիր կարիերա ստեղծելու հնարավորություն է, այլ նոր միջավայրում հայտնվելու և ծանոթություն ստեղծելու հիանալի առիթ է:  

«Այսօր ես ձեռք բերեցի 15 նոր ընկեր և սկսեցի ձևավորել իմ ծանոթությունների ցանցը։ Սակայն ինձ համար ամենակարևորն այս ծրագրի երկու առանձնահատկություններն են։ Առաջինը՝ նման նախաձեռնությունները կարևորում են ուսանողների առաջադիմությունը, մոտիվացնում նրանց ավելի լավ սովորել և ավելի բարձր արդյունքներ գրանցել։ Երկրորդը՝ դրանք հնարավորություն են տալիս տարբեր բուհերի ուսանողների միջև կապեր հաստատել, ինչը, կարծում եմ, չափազանց կարևոր է»,- նշեց «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթող Ռոբերտ Մկրտչյանը։

Նշենք, որ Ամերիաբանկն ունի նաև հատուկ առաջարկներ ուսանողների համար: Մասնավորապես, Visa Student քարտը տրամադրվում է անվճար` 4 տարով առանց սպասարկման վճարի: Visa Student քարտի միջոցով ուսանողների համար ներկա պահին հասանելի են նաև մի շարք արտոնություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում