Մոլդովայի նախագահը կմասնակցի Փարիզում կայանալիք «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը․ Moldpres
3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով հուլիսի 13-ին առաջին անգամ կմասնակցի «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է մոլդովական Moldpres գործակալությունը։
«Կամեցողների կոալիցիան» քաղաքական և դիվանագիտական համակարգման ձևաչափ է, որը համանախագահում են Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը` միավորելով 37 պետություն՝ մեծամասամբ եվրոպական: Կոալիցիայի նպատակն է աջակցել Ուկրաինային և ապահովել արդար ու երկարատև խաղաղություն՝ հրադադարի կնքումից հետո նոր ագրեսիան կանխելու համար: Փարիզում քննարկումները կկենտրոնանան Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ամրապնդման վրա։
Ըստ հրապարակման՝ Մոլդովայի Հանրապետության մասնակցությունը «Կամեցողների կոալիցիային» Ուկրաինային առաջարկվող աջակցության բնական շարունակությունն է: Նշվում է, որ Մոլդովայի մասնակցությունը լիովին համատեղելի է Սահմանադրությամբ ամրագրված չեզոքության հետ. կոալիցիան ճկուն համագործակցության ձևաչափ է, և դրա մաս են կազմում նաև այլ չեզոք եվրոպական պետություններ: Յուրաքանչյուր մասնակից պետություն ինքնուրույն է որոշում իր ներդրման ձևը և չափը՝ համաձայն իր սահմանադրական շրջանակի:
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սկզբից ի վեր Մոլդովայի Հանրապետությունն աջակցել է իր հարևան պետությանը. այն ապաստան է տրամադրել փախստական ուկրաինացիներին, ապահովել է տարանցիկ միջանցքներ ուկրաինական արտահանման համար, առաջարկել է մարդասիրական և էներգետիկ աջակցություն, ինչպես նաև նպաստել է ուկրաինացի սակրավորների պատրաստմանը մարդասիրական ականազերծման ոլորտում:
Moldpres-ը նշում է, որ 1222 կմ ընդհանուր սահմանով Մոլդովայի Հանրապետությունը հուսալի անվտանգության գործընկեր է Ուկրաինայի և մնացած Եվրոպայի համար: Ըստ գործակալության՝ Ուկրաինայի անվտանգությունը և Մոլդովայի Հանրապետության անվտանգությունը սերտորեն փոխկապակցված են. Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղությունը կնշանակի կայունություն Մոլդովայի և ողջ մայրցամաքի համար: