Իրան

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը

Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի խախտել Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը, դրա չկատարման ողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Իրանը երբեք չի նախաձեռնել իր պարտավորությունների որևէ խախտում: Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր բանակցություններում ցուցաբերել է ճշտապահություն և լրջություն։ Համաձայնագրերը մշտապես խախտող կողմը ամերիկյան կողմն է»,- ասել է Բաղային:

Խոսնակը նաև նշել է, որ Իրանը կդադարերցնի կատարել հուշագրով ստանձնած պարտավորությունները, մինչև ԱՄՆ-ն չվերադառնա ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը։

«Մենք հենց սկզբից խոսել ենք «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» սկզբունքի մասին։ Եթե մյուս կողմը կատարի իր պարտավորությունները, մենք նույնպես կկատարենք մերը։

Այսուհետ մենք կգործենք այսպես. քանի դեռ մյուս կողմը շարունակում է խախտել իր պարտավորությունները, Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հերթին կխուսափի ստանձնած պարտավորությունները կատարելուց»,- ընդգծել է Բաղային։

Նա նաև նշել է, որ Իրանը չի հարվածել Պարսից ծոցի որևէ երկրի, և որ հարձակումներն ուղղված են եղել միայն տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների դեմ։

«Մենք չենք հարձակվել տարածաշրջանի որևէ երկրի վրա, Իրանի հարձակումները ուղղված էին միայն տարածաշրջանում ԱՄՆ դիրքերի վրա», - ասել է նա։

Բաղայիի խոսքով՝ Թեհրանը «բազմիցս խնդրել է տարածաշրջանի երկրներին թույլ չտալ ԱՄՆ-ին օգտագործել իրենց տարածքն Իրան ներխուժելու համար»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում