Հայաստան

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի մասով, ուղարկվել է դատարան

14 րոպեի ընթերցում

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի մասով, ուղարկվել է դատարան

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր, ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի մասով, մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, քրեական վարույթները դատարան են հանձնվել Գլխավոր դատախազության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացություններով։

Դատարան ուղարկված վարույթները վերաբերում են ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, ընտրակաշառք տալուն օժանդակելու, բարեգործության արգելքը խախտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, ինչպես նաև ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի կամ նախապատրաստության դեպքերին։

Ըստ դատախազության՝ նշված վարույթներից մի քանիսով մեղադրանքներ են առաջադրվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի հետ առնչվող անձանց կամ համակիրների նկատմամբ։

Մասնավորապես, դատախազության հաղորդմամբ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը մեղադրվում է երկու ընտրողի աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն առաջարկելու համար՝ իրենց և ընտանիքի անդամների կողմից տվյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։

Նույն կուսակցության անդամներից մեկն, ըստ մեղադրանքի, ընտրողին բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն գումար է փոխանցել՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը։

Դատախազության փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, երկու այլ անձանց հետ, խոչընդոտել և փորձել է խոչընդոտել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ նրանցից պահանջելով քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին և սպառնալով բացասական վերաբերմունքով։ Նույն վարույթով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել նաև երկու դրվագ ընտրակաշառք տալու համար. նա ընտրողներին առաջարկել է պարտքի մասնակի զիջում, աշխատանքի տեղավորման և ծառայողական հարցեր լուծելու խոստումներ՝ քվեների դիմաց։

Դատարան ուղարկված վարույթներից մեկով «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, որը, ըստ դատախազության, փաստացի իրականացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթներ, մեղադրվում է չորս անձի ընտրակաշառք տալու և մեկ քաղաքացու բարեգործության արգելքի խախտմամբ 200 հազար դրամ փոխանցելու համար։

Մեկ այլ վարույթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն մեղադրվում է երկու քաղաքացու ընտրակաշառք տալու և երկու անձի 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած հավաքին մասնակցելու նպատակով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն խոստանալու համար։

Դատախազության տվյալներով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի ղեկավարը, գրասենյակի պատասխանատուի հետ, երեք անձանց օժանդակությամբ, Արարատի մարզի 9 ընտրողի գումարի տեսքով առաջարկել և տվել է ընտրակաշառք։

Դատարան է ուղարկվել նաև վարույթ, որով անձը մեղադրվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար նույն կուսակցության աջակցից գումարի տեսքով ընտրակաշառք ստանալու համար։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, կնոջ հետ միասին, ըստ դատախազության, որպես ընտրակաշառք խոստացել է հոգալ Սյունիքի մարզի բնակչի աչքերի վիրահատության գումարը։

Վարույթներից մեկով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցը մեղադրվում է Ստեփանավան քաղաքի բնակչին գումարի տեսքով ընտրակաշառք խոստանալու համար։

Դատախազությունը հայտնում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատասխանատուներից մեկը վարչական շրջանի բնակիչներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք, իսկ դաշինքի Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն ընտրողին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք։

Մեկ այլ վարույթով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մասնաճյուղի պատասխանատուն, ներկայացուցիչների հետ, նույն համայնքի բնակիչներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք։

Ըստ դատախազության՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք, իսկ դաշինքի Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուն նույն համայնքի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք։

Դատարան է ուղարկվել նաև վարույթ, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցները մեղադրվում են բարեգործության արգելքը խախտելու համար՝ Գյումրու բնակչին տունը վերանորոգելու նպատակով շինանյութ տալու առնչությամբ։

Մեկ այլ վարույթով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Սեբաստիա փողոցում գտնվող նախընտրական շտաբի ղեկավարը մեղադրվում է ընտրողին գումարի տեսքով ընտրակաշառք տալու համար։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Արթիկ համայնքի աշխատանքները համակարգողը, ըստ դատախազության, նույն համայնքի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք։

Դատարան ուղարկված վարույթներից մեկով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակիցը մեղադրվում է ընտրողին գումարի տեսքով ընտրակաշառք տալու համար։

Դատախազության հաղորդմամբ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատասխանատուն, այլ անձանց հետ, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք, ինչպես նաև փորձել է խոչընդոտել անձի ազատ ընտրելու իրավունքի իրականացմանը։

Մեկ այլ վարույթով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցը մեղադրվում է ընտրակաշառք տալուն օժանդակելու և անձամբ ընտրակաշառք ստանալու համար։

Դատարան է ուղարկվել նաև վարույթ, որով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Ջերմուկ համայնքի պատասխանատուն, այլ անձանց հետ, մեղադրվում է ընտրողներին ընտրակաշառք տալու, ինչպես նաև անձի ազատ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, այլ անձանց հետ, ըստ դատախազության, ընտրողներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք։

Վարույթներից մեկով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամները մեղադրվում են Լոռու մարզի Ալավերդի համայնքի բնակիչներին ընտրակաշառք խոստանալու համար, ինչն ընդունվել է ընտրողների կողմից։

Դատախազությունը հայտնում է նաև, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից Լոռու մարզի Տաշիր քաղաքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի խումբ ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործություն կատարելու նպատակով, բարեգործության անվան տակ, անհատույց հոգացել են վերջինների բնակարանի վարձավճարները։

Մեկ այլ վարույթով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցները մեղադրվում են գումարի տեսքով ընտրակաշառք խոստանալու համար, ինչն ընդունվել է ընտրողների կողմից։

Ըստ դատախազության՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի Վեդի համայնքի տարածքային պատասխանատուն ընտրողներին խոստացել է գումարի տեսքով ընտրակաշառք տալ։

Դատարան է ուղարկվել նաև վարույթ, որով Ալավերդի համայնքի տարբեր բնակավայրերում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակների պատասխանատուն, ընտրակաշառք տալու շուրջ նույն կուսակցության այլ անդամների հետ նախնական համաձայնությամբ, Ալավերդի և Լոռի Բերդ համայնքների տարբեր բնակավայրերի մի խումբ ընտրողների մասնակցությունն ապահովելու և կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է տվել, ինչպես նաև խախտել է բարեգործության արգելքը։

Դատախազության փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները Գյումրի համայնքի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք, իսկ ոմանց խոստացել են այն տրամադրել փուլային տարբերակով։

Վարույթներից մեկով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անունից հանդես եկող անձը մեղադրվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի բնակիչներին ընտրակաշառք տալու համար։

Մեկ այլ վարույթով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գործող գրասենյակի համակարգողը, ըստ դատախազության, բարեգործության անվան տակ անհատույց պայմանով խոստացել և տվել է ընտրակաշառք։

Դատարան է ուղարկվել նաև վարույթ, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները, նույն կուսակցության աջակիցների օժանդակությամբ, Լոռու մարզի բնակիչներին գումարի տեսքով տվել են ընտրակաշառք։

Դատախազությունը տեղեկացնում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցը ընտրողին առաջարկել է ընտրակաշառք, ինչպես նաև խոստացել հոգալ վերջինիս Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղություններով ավիատոմսերի ծախսերը, որպիսի առաջարկը վերջինիս կողմից ընդունվել է։

Մեկ այլ վարույթով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրը կուսակցության պատասխանատու անձանց հետ ընտրողին առաջարկել է ընտրակաշառք, և առաջարկն ընդունվել է։

Դատախազության հաղորդմամբ՝ «Հայաստան» դաշինքի համակիրը, ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ընտրողին առաջարկել է ընտրակաշառք։

Դատարան է ուղարկվել նաև վարույթ, որով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գորիսի տարածքային գրասենյակի ղեկավարը մեղադրվում է ընտրողներին որպես ընտրակաշառք աչքերի վիրահատության համար նախատեսված գումարը վճարելու առաջարկ ներկայացնելու համար։

Ըստ դատախազության՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքային շտաբի ներկայացուցիչը ընտրողին խոստացել է մարել վերջինիս կողմից բարձր տոկոսով վերցված վարկային պարտավորությունները։

Մեկ այլ վարույթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք խոշորացված համայնքներում գործող գրասենյակի համակարգողները մեղադրվում են ընտրողներին ընտրակաշառք տալու համար։

Դատարան ուղարկված վարույթներից մեկով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում գործող գրասենյակների համակարգողները մեղադրվում են ընտրողներին ընտրակաշառք առաջարկելու, ինչպես նաև ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար։

Դատախազության փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը մեղադրվում է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար։

Մեկ այլ վարույթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները մեղադրվում են գումարի տեսքով ընտրակաշառք խոստանալու համար, ինչն ընդունվել է ընտրողների կողմից։

Դատարան է ուղարկվել նաև վարույթ, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրները Վանաձոր քաղաքի մի շարք քաղաքացիների խոստացել են գումարի տեսքով ընտրակաշառք՝ այն ձևակերպելով որպես աշխատավարձ։

Վերջին վարույթով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակիցները մեղադրվում են ընտրողին գումարի տեսքով ընտրակաշառք խոստանալու համար, որը վերջինս ընդունել է։

Դատախազությունից հիշեցնում են, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում