Իսրայելի և Լիբանանի միջև հարվածների ուժգնությունը թուլացել է, սակայն հրադադարի խախտումներ դեռ արձանագրվում են. Շահան Գանտահարյան

5 րոպեի ընթերցում

Բեյրութում լույս տեսնող  հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի գնահատմամբ՝ Լիբանանի և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրից հետո թեև կողմերի միջև հարվածների ուժգնությունը թուլացել է, սակայն հրադադարի խախտումներ դեռ արձանագրվում են։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Շահան Գանտահարյանը ներկայացրեց ընդհանուր իրավիճակը վերոհիշյալ համաձայնագրի ստորագրումից հետո։

«Բախումներն, իհարկե, նախկին ուժգնությամբ չեն, ավելի սահմանափակ գործողություններ են տեղի ունենում։ Բեյրութի արվարձաններում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Նաև անօդաչու սարքերի քանակը, որոնք պարբերաբար սավառնում էին Լիբանանի օդային տարածքներում, զգալիորեն նվազել է։ Հրադադարի համաձայնությունից հետո գործողություններ են գրանցվում Լիբանանի հարավային հատվածում, իսկ «Հըզբոլլահ»-ը տալիս է պատասխան հարվածներ։ Թեև ռազմական ու անվտանգային տեսանկյունից իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն դրան զուգահեռ կան ներքաղաքական սրացումներ»,- ասաց Գանտահարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ «Հըզբոլլահ»-ի ներսում կա մի հատված, որը կտրուկ մերժում է Իսրայելի հետ համաձայնագիրը, սակայն «Հըզբոլլահ»- պաշտոնական հատվածը և նրան զորակցող կողմերը գտնում  են, որ Բեյրութը պետք է աստիճանաբար քայլեր ձեռնարկի համաձայնագրի կիրարկման ուղղությամբ, ուստի այս փուլում տեսանելի են հակադիր դիրքորոշումները, որոնք կապված են համաձայնագրում առկա պայմանների հետ։ 

«Այս պահին լիբանանյան և իսրայելական կողմերի միջև բանակցություններ չկան, բայց սպասվում է Լիբանանի նախագահի այցը Վաշինգտոն, որտեղ նա հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ՝ առկա օրակարգով երկխոսելու հաստատակամությամբ»,- նշեց մեր զրուցակիցը։

Գանտահարյանը հավելեց, որ Լիբանանի «Թեքեյան» կենտրոնում կայացել է նաև հայկական քաղաքական կուսակցությունների, համահայկական և լիբանանյան մարմինների ներկայացուցիչների հատուկ նիստը, որտեղ ժողովականները հանգամանորեն քննարկել են տարածաշրջանային, լիբանանյան, հայաստանյան և համայնքային խնդիրներ, որոնց ուղղությամբ ճշտել են նաև ուղենիշային կետեր։

«Այնտեղ նաև համատեղ հայտարարություն են հրապարակել, որում մասնավորապես նշված է, որ կուսակցությունների ներկայացուցիչները՝ շեշտը դնելով ներլիբանանյան պառակտվածության ժխտական հետևանքների վրա, ընդգծել են առաջնահերթ սկզբունքներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ զինադադարի հարգում, տարածքային ամբողջականության անզիջելիություն»,- հայտնեց Գանտահարյանը։

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագրի կարծիքով՝ Լիբանանի և Իսրայելի միջև հակամարտությունը կհանգուցալուծվի փուլային տարբերակով, կողմերն անցնելու են երկար ճանապարհ։ Լիբանանը շարունակելու է պահանջել, որպեսզի իսրայելական բանակի ստորաբաժանումները դուրս գան Լիբանանի սուվերեն տարածքից, դա պետք է լինի շրջանակային համաձայնագրի առանքային կետերից մեկը, առավել ևս, որ ինտենսիվացել են «Հըզբոլլահ»-ի զինաթափման, ենթակառուցվածքների կազմաքանդման աշխատանքները։ Գանտահարյանի տեղեկացմամբ՝ իսրայելական կողմից առաջ քաշված պայմաններում ներառված է նաև մի կետ, որն առնչվում է անվտանգային բաղադրիչն, սակայն այդ կետն իսրայելական կողմը տակավին գաղտնի է պահում։     

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի և խաղաղության ուղու շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 26-ին Վաշինգտոնում։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ երկու երկրների միջև հարաբերությունների ապագան պետք է որոշեն բացառապես Իսրայելի և Լիբանանի ինքնիշխան կառավարությունները։ Վաշինգտոնը նաև մերժել է Լիբանանի ապագայի վրա որևէ պետական կամ ոչ պետական դերակատարի ազդեցության փորձերը։

Համաձայնագրի պայմաններով՝ «Հըզբոլլահ»-ը պետք է ամբողջությամբ դադարեցնի ռազմական գործողությունները և դուրս բերի իր ուժերը Լիբանանի հարավից՝ մինչև Լիտանի գետ ընկած հատված։ Նշված տարածքն այժմ վերահսկում է Իսրայելի պաշտպանության բանակը: 

Հայերեն Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար