Հայաստան

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրում

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց հրավեր՝ ուղղված Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարանային շենքում գործող՝ Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տարածքների ընդլայնման և զարգացման ճարտարապետական նախագծի գաղափարների ու հայեցակարգային առաջարկների հավաքագրմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կարող են դիմել՝

  • ճարտարապետական կազմակերպություններ,
  • քաղաքաշինարարներ,
  • կառուցվածքային և ինժեներական նախագծողներ,
  • թանգարանային և ցուցադրական տարածքների նախագծման մասնագետներ,
  • պատմամշակութային ժառանգության պահպանության մասնագետներ,
  • լանդշաֆտային ճարտարապետներ,
  • ինտերիերի և ցուցադրության դիզայներներ,
  • արվեստագետներ,
  • թանգարանագետներ և մշակութային կառավարման մասնագետներ,
  • հնագետներ և հետազոտական հաստատություններ, միջգիտակարգային խմբեր։

Խրախուսվում է տարբեր ոլորտների մասնագետների համատեղ մասնակցությունը։ Թիմում ցանկալի է ունենալ առնվազն ճարտարապետության, ինժեներական նախագծման, ժառանգության պահպանության և թանգարանային գործունեության փորձառություն ունեցող մասնագետներ։

Հայտը պետք է ներառի՝

  • ճարտարապետական նախագծի հայեցակարգի համառոտ նկարագրություն՝ առավելագույնը 3–5 էջ,
  • գաղափարի հիմնավորում և հիմնական նպատակների ներկայացում,
  •  ընդհանուր տարածական սխեմա կամ գլխավոր հատակագծային մոտեցում,
  • վերգետնյա և ստորգետնյա տարածքների կապի սխեմա,
  • հիմնական և լրացուցիչ մուտքերի ու ելքերի տեղադիրքի և կազմակերպման առաջարկ,
  • առաջարկվող գործառույթների և տարածքների նախնական ցանկ,
  • այցելուների, աշխատակիցների, ցուցանմուշների և տեխնիկական սպասարկման հոսքերի սխեմաներ,
  • վերգետնյա հնարավոր միջամտությունների՝ հրապարակի քաղաքային և ճարտարապետական միջավայրի վրա ազդեցության ներկայացում,
  • տեսողական նյութեր՝ էսքիզներ, հատակագծեր, կտրվածքներ, դիագրամներ, կոլաժներ կամ եռաչափ պատկերներ,
  • իրականացման փուլերի նախնական մոտեցում,
  • տեխնիկական իրագործելիության համառոտ հիմնավորում,
  • հեղինակի կամ թիմի կազմը, ինքնակենսագրականները և համապատասխան փորձի նկարագրությունը։

Առաջարկները պետք է ներկայացնել հայերեն կամ անգլերեն՝ մեկ միասնական PDF փաստաթղթով։

  • Փաստաթղթի առավելագույն ծավալը՝ 20 էջ
  • Ֆայլի առավելագույն չափը՝ 25 ՄԲ

 Առաջարկները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվելու են պետական և համայնքային մարմինների ներկայացուցիչներ, թանգարանների ղեկավարներ, ճարտարապետներ և քաղաքաշինարարներ, ոլորտային մասնագետներ։

Հայտերի ընդունումը՝  2026 թվականի հուլիսի 10-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ։

Հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել մասնակցի կամ թիմի կոնտակտային տվյալները՝

  • անուն, ազգանուն,
  • կազմակերպություն,
  •  հեռախոսահամար,
  •  էլեկտրոնային հասցե։

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Հանրապետության հրապարակի թանգարանային համալիրի ընդլայնման հայեցակարգ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում