Կիևի մերձակայքում գտել են Մոնակոյում պայթյունի համար կասկածվող կնոջ մարմինը
2 րոպեի ընթերցում

Հուլիսի 6-ին Կիևի մերձակայքում հայտնաբերել են Անաստասիա Բերեզովսկայայի մարմինը, որին կասկածում էին Մոնակոյում ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրներ:
Աղբյուրները նշել են, որ գործով արդեն ձերբակալվել է երկու կասկածյալ։ Մեկը Հետախուզության գլխավոր վարչության գործող աշխատակից է, մյուսն՝ իրավապահ մարմինների նախկին աշխատակից։
Հունիսի 29-ին ժամը մոտավորապես 21:00-ին Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ, որոնցից երկուսը ծանր վիրավորում են ստացել։ Ըստ զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ թիրախավորվել են ուկրաինացի գործարար Երմոլաևը և նրա ընտանիքի անդամները։
Ըստ Մոնակոյից ստացված վերջին հաղորդագրությունների՝ ահաբեկչության վարկածը բացառվում է: Իշխանապետության Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել սպանության փորձի և հասարակական վայրում պայթուցիկ սարքի տեղադրման փաստով։
Հուլիսի 3-ին «Ինտերպոլ»-ը միջազգային հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի 39-ամյա քաղաքացի Անաստասիա Բերեզովսկայային։ Մոնակոյի իրավապահ մարմինների տվյալներով՝ նրան կասկածում են պայթուցիկ սարք տեղադրելու համար։ Հետաքննիչները կնոջը նույնականացրել են տեսախցիկների տեսագրությունների և ականատեսի վկայությունների միջոցով։
Վադիմ Երմոլաևը դնեպրցի գործարար է, «Ալեֆ» առևտրա-արտադրական կորպորացիայի հիմնադիր և քաղաքի խոշորագույն կառուցապատողներից մեկը։ Նախկինում նա պարբերաբար ընդգրկվել է Forbes-ի Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում։ 2019 թվականին նա հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից և ստացել Կիպրոսի անձնագիր։ Նրա դեմ Ուկրաինայում պատժամիջոցներ են սահմանվել։