«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
1 րոպեի ընթերցում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի այցելությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետական արգելոցի տնօրինությունը, հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը, հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը, ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:
«Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը՝ պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար»,-տեղեկացնում են արգելոցից: