Քաղաքականություն

Փաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը

Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ի հետ խորացնել համագործակցությունը կապակցվածության, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա  խոսքով՝ վերջին ամիսներին Հայաստանին և Եվրոպական միությանը հաջողվել է էական առաջընթաց գրանցել կապակցվածության ոլորտում։

«Դրա վառ ապացույցը Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարության ընդունումն է, ինչպես նաև նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած կապակցվածության օրակարգի հարթակի նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի սահմանային երեք անցակետերի և հյուսիսային երկու ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ մտադրությունների հայտարարության և հաստատման նամակի ստորագրումը»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիան։

«Գործընկերոջս հետ քննարկել ենք նաև այս հարցում Եվրամիության աջակցության հաստատման և հատկացման հարցը»,-ասաց նա։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ Փաշինյանը կարևորեց էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը։

«Սա կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, այնպես էլ կանաչ անցման նպատակների իրականացմանը»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ  Հայաստանը շահագրգռված է նաև Եվրամիության հետ առավել սերտ համագործակցությամբ թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում՝ միաժամանակ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կնպաստի եվրոպական մասնավոր ներդրումների աճին։

«Այս առնչությամբ կարևորում եմ նաև Հայաստանի մասնակցությունը Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ և թվային մալուխի ծրագրերին»,-ասաց նա։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսական դիմակայունության և երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված շարունակական աջակցության համար՝ ի բարօրություն  ժողովուրդների և ի նպաստ ՀՀ-ԵՄ հետագա խորացման։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում